ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բրիտանական ֆիլմերի ցուցադրություն
15.03.2013
«Մարդասպանների ընտանիքը» ֆիլմի ցուցադրությամբ Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը:
Այդ առթիվ բուհում հյուրընկալվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներ:
Հյուրերին ողջունեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս կարևորեց Մանկավարժականում փառատոնի մեկնարկը՝ նշելով, որ բուհում պատրաստվում են ոչ միայն մանկավարժներ, այլև հեռուստատեսության, ռադիոյի, կինոյի և այլ բնագավառի մասնագետներ: Ռեկտորն ընդգծեց նաև, որ բուհում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուների՝ հատկապես անգլերենի մասնագետներ պատրաստելուն, որը շրջանավարտներին հնարավորություն կտա առավել հեշտությամբ ընդգրկվել եվրոպական ակադեմիաներում:
Ռուբեն Միրզախանյանը Ջոնաթան Էյվսին շնորհեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալ:
Մեծ Բրիտանիայի դեսպանը մեծ պատիվ համարեց մեդալին արժանանալը՝ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը իր ցանկությունն է հայտնել բրիտանական ֆիլմեր ցուցադրել բուհում»:
Դեսպանի կարծիքով, այս ցուցադրությունը կամրապնդի երկու երկրների միջև մշակութային կապը՝ դառնալով առավել ամուր համագործակցության սկիզբ:
Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում Ջոնաթան Էյվսը նկատել է՝ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, տեսնելով այս ֆիլմերը, նոր կապեր կհաստատեն բրիտանացի մասնագետների հետ և կկարողանան մինչև վերջ օգտագործել իրենց ներուժը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2013 թվականը հռչակել է Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանը՝ բրիտանական ֆիլմերի կինոդիտումներ կազմակերպելով նախ մարզերում, ապա նաև զորամասերում: