ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեորգ Բրուտյան. «Ամեն ինչի մասին իմացեք քիչ-քիչ, իսկ քչի մասին՝ ամեն ինչ»
18.03.2013
«Սիրեք այն բնագավառը, որում պատրաստվում եք ծավալել գիտական աշխատանք». Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային հետազոտական ինստիտուտի նախագահ, ԳԱԱ իսկական անդամ, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն այս խորհրդով սկսեց իր դասախոսությունը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք» գիտագործնական սեմինարի ընթացքում ակադեմիկոսն անդրադարձավ գիտական աշխատանք գրելու առանցքային խնդիրներին՝ կարևորելով առաջին հերթին թեմայի ճիշտ ընտրությունը. «Պատրաստի թեմայի գիտական աշխատանք գրելն ասես այն ամուսնություններից է, երբ աղջիկն ամուսնանում է առանց փեսային նախապես տեսնելու»:
«Ես անում եմ այն, ինչ հավանում եմ, բայց միշտ չէ, որ հավանում եմ այն, ինչ անում եմ»,-մեջբերելով իր նշանաբանը՝ փիլիսոփան զգուշացնում է, որ գիտական աշխատանքը ավարտելուց հետո այն չպետք է անմիջապես տպագրել. աշխատանքը պետք է օտարանա և որոշ ժամանակ անց քննադատվի հենց գրողի մոտեցումներով:
Գեորգ Բրուտյանը համաձայն է, որ գիտության մեջ յուրաքանչյուր նորություն դժվարություն է առաջացնում, բայցև շտապում է պնդել՝ գիտական աշխատանք գրելը բարդ պրոցես է, որը պետք է անցնել սիրով և մեծ նվիրումով»:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Անուշ Առաքելյանն արդեն երեք գիտական հոդվածի հեղինակ է: Դասախոսության ընթացքում ստացած տեղեկատվությունը նա նոր գիտելիք համարեց. «Մեզ համար մեծ պատիվ է ակադեմիկոսի դասախոսությանը մասնկացելը: Արդենիսկ մտապահել ենք փիլիսոփայի յուրաքանչյուր միտք ու խորհուրդ. դրանք կարող են հաջողված գիտական աշխատանքի երաշխիք լինել»:
Հանդիպման ավարտին Գեորգ Բրուտյանը փորձեց սեփական օրինակով վարակել երիտասարդներին և նրանց մղել գիտական գործունեության. «Եթե գիտական աշխատանք գրելու համար գրիչ եք վերցրել, ուրեմն պարտավոր եք գրել»:
Նշենք, որ գիտագործնական սեմինարները կլինեն շարունակական. առաջիկայում զեկույցներով հանդես կգան դոցենտ Ս. Փիլոսյանը, Լ. Պողոսյանը և ուրիշներ:
Շարքը կամփոփվի կլոր սեղանով, ուր ուսանողները կքննարկեն իրենց ձեռքբերումները՝ ներկայացնելով առաջարկություններ հետագայում նոր սեմինարներ անցկացնելու համար: