ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է Կառավարության սոցիալական ծրագիրը
19.03.2013

Տևական ժամանակ է, ինչ Մանկավարժական համալսարանը միացել է ՀՀ Կառավարության` «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման,աջակցության և մոնիթորինգի իրականացման» ծրագրին:

Սոցիալական ծրագրի նպատակն է գնահատել ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների անչափահաս երեխաների կրթական կարիքները, հիմնական խոչընդոտները, ուսումնասիրել նրանց ունակությունները, կարողություններն ու կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը:

Ծրագրի պատասխանատու, Մագիստրատուրայի և մասնագիտական որակավորումների բարձրացման վարչության պետ Նաիրա Հակոբյանը, վստահեցրեց` վաղուց ճշգրտվել են նախապատրաստական խմբերում երեխաների քանակը, ներգրավված դասավանդողների (կրկնուսույցների) թիվը, առարկաներն ու դասաժամերը.«Նոյեմբերից մեկնարկած ծրագիրն ընթանում է նախատեսվածից արդյունավետ, իսկ կրկնուսույցի գործառույթն իրականացնում են կամավորական սկզբունքով ընտրված մեր բուհի 20 լավագույն մագիստրոսները»:

Հայոց լեզու, հայ գրականություն, օտար լեզու, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա մաթեմատիկա, պատմություն առարկաներից ձևավորված 7 խմբերում ներգրաված է 32 աշակերտ Երևանի Շենգավիթ համայնքից:

Հայ-հունական պետական քոլեջի 11-րդ դասարանի աշակերտուհի Նվարդ Մանուկյանի համար բարձրագույն կրթություն ստանալն այլևս երազանք չէ: ՀՀ Կառավարության ծրագրում նա ընդգրկվել է անմիջապես. 5 ամիս շարունակ, յուրաքանչյուր շաբաթ օր հաճախում է Մանկավարժական համալսարան և կատարելագործում անգլերենը: Նա վստահ է, որ հաջողությամբ կհասցնի յուրացնել կուրսը: Ի դեպ, ծրագիրը հնարավորություն է տալիս աշակետին վերապատրաստվել երեք առարկայից:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս Տիգրան Խաչատրյանն ուրախությամբ է նշում`պարապող աշակերտների մեծ մասը հստակ որոշել է դառնալ հենց Մանկավարժականի ուսանող, իսկ Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրոս, կրկնուսույց Սոնա Թումանյանն էլ հավելում է`թեպետև սկզբում աշակերտների գիտելիքների մակարդակը ցածր էր, սակայն նրանց պարտաճանաչությունն ու ուսման ձգտումը կտա ցանկալի արդյունք և կգոհացնի բոլորին:

Հիշեցնենք, որ Կառավարության սոցիալական այս ծրագիրը փորձնական է. հաջող ընթացքի դեպքում այն կլինի շարունակական: