ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կենսաբան-մագիստրոսների գիտահետազոտական պրակտիկան ձկնաբուծարաններում
20.03.2013

Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության I և II կուրսերի մագիստրոսներն իրենց գիտագործնական պրակտիկան անցկացրեցին Արարատի մարզի “Unifish” ձկնային տնտեսությունում:

Կենսաբանության և նրա դասավանդման ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պիպոյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացան ձկնային տնտեսությունում աճեցվող թառափների մի շարք տեսակների, ծիածանախայտի, ծածանի (կոյ) բազմացման, կերակրման և պահպանման գործընթացներին:

Ապագա կենսաբանները եղան նաև Ռանչպար գյուղի հարևանությամբ գտնվող լճակային և ֆորելային տնտեսություններում,տեղում ծանոթացան բուծվող ձկնատեսակների բուծման հիմունքներին, Արարատյան հարթավայրի կիսաանապատային բուսականության առանձնահատկություններին և կատարեցին թռչունների գարնանային չուերի դիտարկումներ:

«Մագիստրոսների պատրաստման ծրագիրը նախատեսում է գիտամանկավարժական պրակտիկա, որի նպատակն է ուսանողներին նախապատրաստել ինչպես դասավանդման հմտություններին, այնպես էլ գիտահետազոտական, գիտամանկավարժական և գիտամեթոդական հետագա մասնագիտական գործունեություն ծավալելուն:

Հետազոտական պրակտիկան նաև նախապատրաստում է նրանց մագիստրոսական թեզ գրելուն»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:

Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը ներառում է և´ գիտական, և´ վարչական աշխատանքներ կատարելու կոմպետենցիաներ, որոնք կնպաստեն ուսուցման ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքների ամրապնդմանն ու գործնական աշխատանքի հմտություններին: