Օրերս «Տերյան մշակութային կենտրոն»-ում բացվեց «Մի կծիկ կյանք» խորագրով գոբելեն աշխատանքների ցուցադրությունը:
.jpg)
Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներ Նաիրա Թանգամյանն և Կարինե Մակարտիչանը ներկայացրին 22 գոբելեն աշխատանքներ:
Երիտասարդ նկարչուհիներն ուսանողներին և գոբելենի սիրահարներին ցուցադրեցին այդ արվեստի բոլոր հնարավորությունները, թելի միջոցով ստեղծվող գունային խաղը, ինչպես նաև նշանավորեցին գարունն ու շնորհավորեցին կանանց՝ գարնանային տոնի կապակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ Առուշան Հակոբյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, բազմաթիվ ուսանողներ:
Անուշ Եղիազարյանն իր ելույթում նշեց, որ ցուցադրության կազմակերպումը կարծես միտված է իր հայրիկի՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի արվեստի պահպանման ու երիտասարդ սերունդին փոխանցելու գործին:
Պրոֆեսորն առանձնակի կարևորեց ստեղծագործողների՝ գոբելենագործության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու նրանց նորովի մոտեցումը արվեստի հանդեպ՝ մաղթելով նոր ցուցահանդեսներ և ստեղծագործական հաջողություններ:
«Մի կծիկ կյանք» խորագրով գոբելեն աշխատանքների ցուցադրությունը կտևի մինչև մարտի 25-ը: