Բանավեճի ակումբում այսօր «ՀՀ-ում բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար» թեմայի շուրջ բանավիճում էին Բանասիրական և Կուլտուրայի ֆակուլտետների թիմերը:
Ըստ բանավեճի ձևաչափի՝ Բանասիրական ֆակուլտետի թիմը ներկայացրեց թեմային դեմ լինելու իր տեսակետներն ու փաստարկները՝ նշելով, որ վճարովի և անվճար համակարգերն առաջին հերթին ստեղծում են առողջ մրցակցություն:
Հակառակ կարծիքն ունեցող Կուլտուրայի ֆակուլտետի թիմը ժխտեց՝ անվճար համակարգին անցնելը կնպաստի, որ բուհ ընդունվեն առավել քիչ թվով ուսանողներ. ներկայումս անվճար համակարգում սովորում են մեծամասամբ տղաները՝ բանակից խուսափելու համար:
Բանասերներն անդրադարձան նաև բուհերի ֆինանսական խնդիրներին՝ նկատի ունենալով, որ ուսուցումն անվճար դարձնելու դեպքում դասախոսները կվարձատրվեն ավելի ցածր:
Բանավեճի ողջ ընթացքում խաչաձև հարցերի միջոցով թիմերից յուրաքանչյուրը տվեց թեմայի վերաբերյալ իր սահմանումները, տեսակետների և փաստարկների ներկայացմամբ պնդեց իր կարծիքն ու դիրքորոշումը:
Կուլտուրայի ֆակուլտետի թիմը հիշեցրեց նախորդ հասարակարգում անվճար սովորելու արդյունավետությունն ու ներկայացրեց բազում օրինակներ, երբ այսօր վատ սոցիալական պայմանների հետևանքով ուսանողը դուրս է մնում համալսարանից: Բանասիրական ֆակուլտետի թիմի վերջին բանախոս Վանուհի Բահրամյանը շտապեց ընդհատել՝ անհեթեթություն համարելով ԽՍՀՄ-ը համեմատել մերօրյա Հայաստանի հետ. «Չի բացառվում նաև այն, որ 5 տարի բուհում անվճար սովորելուց հետո մարդը չկարողանա աշխատել ըստ մասնագիտության՝ նախընտրելով բարձր վարձատրությամբ աշխատանք»:
Բանավեճը վարում էր ՈւԳԸ Բանավեճի հանձնաժողովի պատասխանատու Շողիկ Սահակյանը, իսկ հաղթող թիմին որոշելու համար կազմվել էր դատավորների հանձնաժողով, որի կազմում էին Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբի հիմնադիր-ղեկավար Լիաննա Չոբանյանը, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Խաչիկ Սարգսյանը, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը, ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը:
Արդյունքներն ամփոփելուց առաջ Խաչիկ Սարգսյանը հիշեցրեց՝ ԽՍՀՄ-ի տարիներին բուհ ընդունվելու դժվարությունները, երբ 1 տեղի համար պայքարում էր մինչև անգամ 30 դիմորդ:
Նրա կարծիքով, պետությունը պարտավոր է հանապազօրյա հացի նման լուծել քաղաքացու կրթության հարցը՝ ապահովելով նաև ստացած գիտելիքը հայրենիքում կիրառելու հնարավորությունը:
Լիաննա Չոբանյանն էլ անդրադարձավ բանավեճի ընթացքում տեղ գտած այն թերություններին, որոնք վերաբերում էին հարցերի բովանդակությանը, բերված փաստարկներին և ոչ բավարար ապացույցներին:
Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ բանավեճում հաղթել է Բանասիրական ֆակուլտետի բանավեճի ակումբը: