Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատվոգրեր և մրցանակներ հանձնեց շախմատի` տղամարդկանց և կանանց համահամալսարանական

առաջնության հաղթողներին:
Բուհի դասախոսների համար նախատեսված 5 մրցափուլերով, արագ շախմատի կանոններով, շվեյցարական և շրջանաձև մրցակարգերով անցկացվող մրցաշարերը կայացել են մարտի 13-ին և 16-ին:
Արդյունքներն ամփոփելուց հետո կանանց մրցաշարում 2 միավորով 1-ին տեղը գրավեց բուհի թանգարանի աշխատակցուհի Անի Հովհաննիսյանը, 2-րդ տեղը` գրադարանավարուհի Սիրուշ Ասլիզյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Եվա Մնացականյանը:
Տղամարդկանց առավել լարված պայքարում մասնակիցներից յուրաքանչյուրը խաղում էր առաջին տեղը զբաղեցնելու ձգտումով: Հաղթողի անունը պարզ դարձավ միայն խաղի վերջին`5-րդ փուլում:
5 միավորով 1-ին տեղում էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Ավագյանը, 4 միավորով 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վաղարշակ Մատիկյանն ու Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Գարիկ Եղիազարյանը:

Հաղթողներին շնորհավորեց նաև Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը` նշելով, որ բարի ու ջերմ այս սպորտաձևը նպաստում է նաև աշխատակիցների հարաբերությունների ջերմացմանը:
Առաջնության մրցավար, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը վստահ է` նման մրցաշարերը մեծացնում են արքայական խաղի նկատմամբ հետաքրքրությունը.«Մանկավարժականը միակ բուհն է, ուր շախմատն ընդգրկված է ուսումնական ծրագրերում. մեր ուսանողները լսարաններում շաբաթական երկու անգամ մասնակցում են շախմատի դասընթացների: Կարծում եմ`դրանք կօգնեն մարզել նրանց միտքը, տրամաբանությունը, մտավոր ունակությունները`միաժամանակ խթանելով նաև կրթության որակի բարձրացմանը»:
Ի դեպ, նախորդ տարի Մանկավարժականում անցկացվել էր շախմատի առաջին ներբուհական առաջնությունը, որին մասակցել էին բուհի տասը ֆակուլտետներից կազմված 8 թիմերը: Առաջիկայում արդեն ձևավորված համալսարանի շախմատի թիմը կմասնակցի նաև շախմատի միջբուհական առաջնությանը:
Նշենք, որ Շախմատի համահամալսարանական առաջնությունը կազմակերպվել էր , Շախմատի և Սպորտի ամբիոնի եւ Արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ: