Այսօր Մանկավարժական համալսարանը մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին` իրականացնելով ինչպես բուհի, այնպես էլ քաղաքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:.jpg)
10 ֆակուլտետների դեկանատներն ու Ուսանողական խորհուրդները կազմակերպել էին համալսարանի 6 մասնաշենքերի և Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի աղբահանությունն ու կանաչապատ տարածքների բարեկարգումը:
Մաքրման աշխատանքները համակարգում էր համալսարանի Տնտեսական վարչության պետ Վլադիմիր Մշեցյանը, ով վստահեցրեց, որ դեռ մի քանի օր առաջ քաղաքապետարանի հետ համատեղ նախապատրաստվել են շաբաթօրյակին: Նա նշեց նաև, որ քաղաքապետարանը արձագանքել է Մանկավարժական համալսարանի խնդրանքին, և շուտով բուհին կից տարածքում կկազմակերպվի ծառատունկ, ինչպես նաև կիրականացվեն կանաչապատման և էտման աշխատանքներ:
Ամփոփելով կատարված աշխատանքը` Վլադիմիր Մշեցյանը փաստեց, որ բացի լսարանների, մասնաշենքերի բակերի և շրջակայքի մաքրման աշխատանքներից, իրականացվել են նաև մասնաշենքերի արտաքին տեսքի, լուսավորման և ազգային խորհրդանիշների վերանորոգման աշխատանքներ:
Շաբաթօրյակի ողջ ընթացքին հետևել է նաև Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Շրջայցի ընթացքում վերջինս նկատել է` ուսանողներն ու դասախոսները շաբաթօրյակին մասնակցում են առանց պարտադրանքի և մեծ ոգևորությամբ:
<<Կարևորը մասսայականությունը չէ, այլ մասնակցության ձգտումը: Վստահ եմ` ուսանողները քաղաքը մաքրելու, բարեկարգելու հանրօգուտ խորհուրդը ապագայում կփոխանցեն նաև իրենց աշակերտներին` դաստիարակելով ակտիվ քաղաքացիներ>>,-armspu.am-ի հետ զրույցում ասաց Մանկավարժական հմալսարանի պրոռեկտորը:
Առավել բարձր ակտիվությամբ աչքի ընկավ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը. դեկանը, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը դեռ վաղ առավոտից վերադասավորում էին մասնագիտական կաբինետները, լաբորատորիաները` համակարգելով նաև ուսանողների աշխատանքները:
Չնայած բուհի ճաշարանում մաքրման աշխատանքներ իրականացվում են յուրաքանչյուր շաբաթ,այնուամենայնիվ, նրանք նույնպես միացել էին շաբաթօրյակին` մաքրելով ճաշարանի ողջ տարածքը:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում համաքաղաքային շաբաթօրյակներին:


