ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օսկարակիր Թերենս Ջորջը Մանկավարժականում
25.03.2013
Այսօր բացառիկ այցով Մանկավարժական համալսարանում էին իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր, Թերենս Ջորջը, ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Վերջիններս Հայաստանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրերի ներկայությունը բուհում մեծ պատիվ համարեց :
Հարութ Սասունյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ամփոփ ներկայացրեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում իր ելույթի առանցքային կողմերն ու սեփական դիտարկումներն այդ հարցի շուրջ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, դրա ճանաչմանը, կորցրած տարածքների և վնասների հատուցմանը` «Կալիֆորնիա կուրիեր»-ի խմբագիրն ընդգծեց.« Ցեղասպանության 100-ամյակի առթիվ ոչ թե ճանաչում պետք է պահանջենք, այլ փորձենք ստանալ արդարություն:
Ժամանակն է դառնալ պահանջատեր.մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ արդենիսկ ընդունել են ցեղասպանության փաստը: Մեծամասշտաբ միջոցառումների միջոցով անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ցեղասպանության ճանաչմանը»:
Հարութ Սասունյանը վստահ է `աշխարհին մեր պատգամը փոխանցելու համար նախ պետք է պայքարել և պահանջել արդարություն, իսկ դա իրականացնելու լավագույն նախապայմանը մեկ ընդհանուր գաղափար ունենալն է.«Թուրքական կառավարությունը լրջորեն հետևում է մեր կատարած յուրաքանչյուր քայլին.անհրաժեշտ է լուռ ծրագրավորել և ընդօրինակելով հրեաներին` սերնդեսերունդ փոխանցել ազգային պահանջատիրության գաղափարը»:
Լրագրողը, պատասխանելով ներկաների հարցերին, կարևորեց 1915 թվականի զոհերի համար հատուցում պահանջելն ու հայերի կորցրած հողատարածքների, բանկային հաշիվների ու փողերի վերադարձը:
Իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, 2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացավ` Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն ունի, իսկ երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները պայմանավորում է հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:
Անդրադառնալով ժամանակակից կինորավեսետին, ԶԼՄ-ի գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշեց, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտել աշխարհում գոյություն ունեցող երևույթներն ու հաճախ նաև պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ արեց երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիանները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:
Թե ինչու՞ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին որևէ ֆիլմ, սցենարիստը պատասխանեց. «Չնայած Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված արվեստով և քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է. քաղաքական թեմաները, ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում»:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրերին պարգևատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով, հյուրերը շրջեցին համալսարանում, եղան բուհի թանգարանում :
Նշենք, որ Թերենս Ջորջը ծնվել և մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: 1985 թվականին հանդես է եկել որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային «Թունել» դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ հանդես է եկել 1993 թվականին Ջիմ Շերիդենի «Հանուն հոր» ֆիլմում:
Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը»,«Մի մոր որդի»), ռեժիսորն արծարծել է Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:
Թերենս Ջորջը Օսկարի առաջադրվել է երկու անգամ`«Հանուն հոր» ֆիլմի «Լավագույն ադապտացված սցենար» և «Ռուանդա Հյուրանոց» ֆլիմի` «Օրիգինալ սցենար» անվանակարգերում:
2012 թվականի` փետրվարի 26-ին, «Ափը» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել Օսկարի: