ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռ.Միրզախանյան. «Երբ սիրո լեզվով են խոսում, սկսում է շողալ արևը»
27.03.2013
«Սեր` պոեզիայի, երաժշտության և անձրևի միջոցով» խորագրով միջոցառմամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող ձեռնարկները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորդասախոսական կազմն ու ուսանողներ:
Անրի Ռենոն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Մանկավարժական այցելելն իր համար միշտ սպասված է. «Բուհն այն եզակի հաստատությունն է, ուր Ֆրանկոֆոնիայի օրերի նշումը չի սահմանափակվում սեմինարներով և գիտաժողովներով. մշակութային ամենատարբեր միջոցառումները, երիտասարդների սիրո խոստովանությունն ամենասիրառատ լեզվով տոնը դարձնում է անմոռաց»:
Համալասարանի Օտար լեզուների և այլ ֆակուլտետների մի խումբ ուսանողներ միջոցառման ողջ ընթացքում ֆրանսիական երաժշտության, պարի և պոեզիայի միջոցով ներկաներին հաղորդեցին Ֆրանսիայի շունչը, նրանց ծանոթացրին ֆրանսիական մշակույթին և դրա յուրահատկություններին:
«Մեր համալսարանն անմասն չի մնացել հանրապետությունում` ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված շուրջ 350 միջոցառումներին: Մենք ևս հնարավորություն ունեցանք արտահայտել մեր սերը ֆրանսերենի և համամարդկային նշանակություն ունեցող ֆրանկոֆոն արժեքների հանդեպ: Միջոցառման ողջ ընթացքում անձրևի կաթիլների ներքո ծավալված գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին` սերն ու անձրևը չափազանց նման են իրար. երկուսն էլ գալիս են շատ անսպասելի և մնում է որոշել` թրջվել մինչև ոսկորներդ, թե պատսպարվել անձրևանոցով»,-նշեց ՀՊՄՀ Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը:
Վերջինս գոհունակությամբ նշեց` լեզուների իմացությունը, դրա դասավանդման արդյունավետությունը համալսարանում ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Տարեցատարի ավելանում են նաև ֆրանսերենի իմացությամբ և լեզվական անջրպետը հաղթահարած ուսանողների թիվը, որոնք չեն զիջում լեզվաբանական այլ հաստատություններն ավարտած ուսանողներին:
Միջոցառման ավարտին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեծագույն պատիվ համարեց դեսպանի ներկայությունը բուհում և խոստովանեց` նույնիսկ անձրևի ժամանակ, երբ սիրո լեզվով են խոսում, ամենուր սկսում է շողալ արևը:
«Նման միջոցառումները ստիպում են ափսոսալ ֆրանսերեն լեզվին չտիրապետելու համար, սակայն ուրախ եմ նկատել` ուսանողներից շատերն արդեն փայլուն տիրապետում են այս լեզվին: Վստահ եմ` նրանիցից շատերը կդառնան լավագույն մանակավարժներ ու ոլորտի մասնագետներ, ովքեր կտարածեն ֆրանսիական մշակույթը Հայաստանում»:
Նշենք, որ Մանկավարժականում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կշարունակվեն. առաջիկայում բոլոր ֆակուլտետների ուսանողները հանդես կգան զեկույցներով: