ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում հնչեցին տանգոյի ռիթմերը
29.03.2013
Երևանում անցկացվելիք «Տանգոյի միջազգային փառատոն»-ի շրջանակում Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում այսօր կայացավ «Կադանս» համույթի նախափառատոնյան համերգը:
 
Հանդիսատեսին ողջունեց համույթի ակորդեոնահար Բորիս Եգանյանը, ով 25 տարի առաջ ավարտել էր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը:
 
Երաժիշտն իր համար մեծ պատիվ համարեց հարազատ բուհում հանդես գալն ու առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց դասախոսներին՝ որպես երաժշտության ասպարեզում իր առաջին և վերջին ուսուցիչների:
 
Համույթի կազմում էին նաև դաշնակահարուհի Սոֆի Միքայելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, կոնտրաբասիստ Գուրգեն Ամիրյանը, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ջութակահար Վարազդատ Խաչումյանը, որոնք միջազգային ասպարեզներում բազմիցս հանդես են եկել որպես մենակատարներ:
 
Ներկաներն ունկնդրեցին տանգոյի վարպետ Աստոր Պիացցոլայի և Ռիչարդ Գալիանոյի՝ վերջին ժամանակներում գրված, ինչպես նաև հանդիսատեսին հոգեհարազատ հայկական ստեղծագործություններ:
 
Բուհի Մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ մեծ պատիվ համարելով անսամբլի հանդես գալը համալսարանում.
«Այսօրվա համերգից բխում էր զգացմունք, երազանք ու երջանկություն, որ ներկաների մոտ սեր շշնջալու անհագ ցանկություն էր առաջացնում. տանգոն եղել է, կա և կմնա որպես «սիրո խոստովանության լեզու»:
 
Արկադի Շեկունցը վստահեցրեց՝ ուսանողները բարձր են գնահատում «Կադանս» համույթի ներկայացրած արվեստն ու նրանց կրկին սպասում Մանկավարժական համալսարանի բեմում: