Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի.
Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարում՝ մենեջմենթ բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն ու դասախոսներն այսպես շնորհավորեցին միմյանց Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ:
Ներկած ձուն ու ձուկը, կուտապաճաշն ու քաղցր փլավը, կանաչիների տեսակներն ու ավանդական այլ ուտեստներ.ուսանողները հյուրերին դիմավորեցին օրը խորհրդանշող տոնական սեղանով:
Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, շնորհավորանքներով, տոնին վերաբերող մեկնաբանություններով. ուսանողները ներկայացրին Սուրբ Զատկի ու տոնն ուղեկցող ծիսակատարությունների դերն ու նշանակությունը:

«Հայ օջախում պետք է հավատ լինի. նման միջոցառումները հնարավորություն կտան եկեղեցական տոները նշել իրենց հատուկ ավանդույթների պահպանմամբ»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Ռոբերտ Ավանեսյանը:
Տոնը նշանավորեցին նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետում, ուր Զատկի տոնին նվիրված միջոցառում կազմակերպելը դարձել է ավանդական:
Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ միջոցառման շնորհիվ ներկաներն ընկալեցին Զատկի խորհուրդն ու ավանդույթների պահպանման կարևորությունը հետագայում կփոխանցեն նաև իրենց աշակերտներին: