Օրերս Մանկավարժականի դասախոսներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր` Ասկերան, Իվանյան (Խոջալու), Բալուջա, Սրխավենդ,

Ջաբրաիլ:
Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը, դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտներ Ավետիս Հարությունյանն ու Խաչատուր Ստեփանյանն իրենց դասախոսություններում անդրադարձան հայ հին և միջնադարյան զինական ուժին, հայդուկային շարժմանը, Ջուղայի մշակութային ժառանգությանը, խաչքարերին, զինվորական ծառայությանը:

Դասախոսությանը զուգահեռ ցուցադրվեց նաև Ջուղայի հայկական ժառանգության մասին պատմող տեսանյութ. ծավալվեց հարց ու պատասխան:
Մանկավարժների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համընկել էր Սուրբ Զատկի տոնին. նրանք Ասկերանի և Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Գանձասարի վանքում զինծառայողների հետ մասնակցեցին պատարագին, ապա տոնեցին Հիսուսի հրաշափառ հարությունը:
«Մանկավարժականի դասախոսների նման այցերը, դասախոսությունները զորամասերում դարձել են ավանդական: Ազգային մշակույթին, պատմությանը և ժառանգությանը ծանոթանալով` զինծառայողները քաջալերվում են, կարևորում հայրենիքի պաշտպանի բարձր և պատասխանատու կարգավիճակն ու ռազմահայրենասիրական դաստիարակության նշանակությունը»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Թադևոսյանը: