Եվրամիությունը կազմակերպում է հայերի հայրենադարձությանն աջակցող ծրագրեր, որի շրջանակում գերմանական «Հայմատգարդեն» բարեգործական կազմակերպությունը Գերմանիայից կամավոր վերադարձածներին առաջարկում է ֆինանսական, սոցիալ-մշակութային և հոգեբանական օգնություն:
Մարտի 31-ին Մանկավարժական համալսարանը հյուրընկալորեն իր դռներն էր բացել Գերմանիայից հայրենադարձված մի խումբ տարբեր տարիքի հայերի առաջ: Նրանց համար պատրաստվել էր հայկական զատկական տոնի ուտեստներով սեղան, ինչպես նաև տոնի խորհուրդը մեկնաբանող տեսանյութ` համեմված հայկական ավանդական երգերով:
Ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՄելանյա Աստվածատրյանը օրը համարեց հետաքրքիր տոն ներկաների համար, ովքեր ծնվել ու երկար տարիներ ապրել են հայրենիքից հեռու, հեռու հայերեն լեզվի ու հայ մշակույթի հետ շփումներից:
Ծրագիրն ուսումնական է, սակայն ընդգրկում է սոցիալականացման տարբեր շերտեր, քանզի միայն լեզու սովորեցնելով, առանց ծանոթացնելու հայկական մշակույթին ու հետաքրքիր սովորույթներին, այն թերի կլինի: Զատիկի տոնը հայրենադարձների համար իսկական իրադարձություն է և բավականին տարբերվում է եվրոպական նմանատիպ տոնից, որտեղ տոնի խորհրդանիշը նապաստակն է: Զատկի սեղանն էլ նրբորեն պատրաստված էր երկու երկրների տոները խորհրդանշող ուտեստների համադրմամբ:
Հայրենադարձներին հայոց լեզու է ուսուցանում Գայանե Թերզյանը: Հենց նրա ներկայացմամբ էլ հյուրերը հանգամանորեն դիտում են տոնի մասին պատմող տեսանյութը, ՙԱրևներ՚ խմբի կատարմամբ ունկնդրում Հայրիկ Մուրադյանի երգերից, ինչպպես նաև Ռուբեն Հախվերդյանի ՙԶատիկ՚ երգը: Գ. Թերզյանը եվրախորհրդի շրջանակում հայերենը մշակում ու ներկայացնում է որպես օտար լեզու և հայրենադարձներին ժամանակակից մեթոդներով հայերեն սովորելու լայն հնարավորություններ ընձեռում:
ՙՄենք պատրաստ ենք ընդունել աշխարհասփյուռ հայության` հայրենադարձության ցանկություն ունեցող բոլոր կամավորներին,-ասում է Մելանյա Աստվածատրյանը,-և ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության և Մանկավարժական համալսարանի հետ: Մենք ուսուցանում ենք միայն, իսկ մարդկանց որոնմամբ այլ ծրագիր է իրականացվում: Այն, ինչ մենք անում ենք` ՙարտթերապիա՚ է՚: Մ. Աստվածատրյանը արտթերապիայի դրսևորում անվանեց նաև Զատկի տոնի նշումը Մանկավարժական համալսարանում, որը ներկաներին ավելի շատ բան կտա, քան դասը:
Գերմանիայից հայրենադարձվածների համար կազմակերպվում են ոչ միայն հայերենի, այլև ռուսերենի և գերմաներենի դասեր, լեզուների ուսուցմանը զուգահեռ նրանց ծանոթացնում են Հայաստանի պատմամշակույթին, ծրագիրը նաև հարմարվողականության խնդիր ունի: Առաջիկայում Հայաստանում գտնվող այս խմբի երեխաների ու նրանց ծնողների համար, որոնց հետ աշխատում են արդեն 2-3 տարի, կիրականացվեն շրջայցեր դեպի Հայաստանի թանգարաններ: Եթե երեխաները ընտանիքներում ինչ-որ չափով հաղորդակցվել են հայերենին, ապա ռուսերենի հետ կապաված լեզվական լուրջ խնդիրներ ունեն:
Լևոն Չատյանը չորս տարի առաջ է վերադարձել Գերմանիայից: Նա այս տարի ավարտում է հմ. 62 դպրոցի 9-րդ դասարանը և որոշել է ընդունվել Բժշկական համալսարան: Երեք տարեկան էր, երբ մեկնեցին Ուկրաինա, այնտեղից էլ` Գերմանիա: Գոհ է ծրագրից, օգնում են հաղթահարել հոգեբանական, լեզվական և մյուս խնդիրները, սիրում է հայկական միջավայրը, հաճույքով շփվում հասակակիցների հետ:
Մարիա Գրիգորյանն էլ ծնվել է Գերմանիայում, այժմ էլ Վիկտոր Համբարձումյանի անվան հմ. 12 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի է: Սիրում է Հայաստանը, հայերեն երգի մի հրաշալի կատարում մատուցեց ներկաներին:
Ժասմին Ավետիսյանը վեց տարի է ապրել հեռավոր Գերմանիայում, այժմ Հայաստանում է և կրթություն է ստանում գերմանական թեքումով հմ. 6 դպրոցում:
Մի խոսքով` փոքրիկ հայկական համայնք, որ հայրենիքից հեռու իր կարոտախտին, կարելի է ասել, հագուրդ է տալիս: Օրն սկսվեց Գրիգոր Լուսավորչի եկեղեցում տոնին նվիրված պատարագի մասնակցությամբ և ավարտվեց Մանկավարժական համալսարանում կազմակերպված ուրախ միջոցառմամբ: Ամբողջ ընթացքում նրանց կողքին էին Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, օտար լեզվուների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Փամբուկչյանը և բոլոր նրանք, ում համար թանկ են հայրենադարձված մեր հայրենակիցները:
Սիլվա Ասրյան