ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարանը նշեց պրոֆեսորի 70-ամյակը
04.04.2013
«Մանկավարժը պետք է լինի այնքան կրթված, որ կարողանա սերունդներ դաստիարակել». խորհրդային մանկավարժ Անտոն Մակարենկոյի հենց այս խոսքերով է 46 տարի շարունակ առաջնորդվել Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր, գերմանագետ, Հայաստանում միակ լեսսինգագետ Դոնարա Կարապետյանը:
Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական ցերեկույթ` նվիրված պրոֆեսորի ծննդյան 70-ամյակին:
Շուրջ 27 գիտական աշխատությունների, դպրոցական դասագրքերի հեղինակին նվիրված միջոցառումը սկսվեց գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ Գոթհոլդ Լեսսինգին նվիրված ֆիլմի դիտումով, ապա պրոֆեսորը ներկայացրեց ամերիկյան առաջատար համալսարաններից մեկում տարիներ առաջ կարդացած զեկույցից մի հատված:
Ցերեկույթի ընթացքում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի աշխատակազմի անունից պրոֆեսորին շնորհավորեց Գայանե Սամվելյանն ու նվիրեց բանաստեղծությունների շարք:
Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանող Հովհաննես Գրիգորյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Ջուլիետա Ալեքսանյանը, դաշնակահար Աննա Քինակցյանի նվագակցությամբ կատարեցին հոբելյարի՝ Դոնարա Կարապետյանի հեղինակած «Մեկը չեղավ, որ իմանար վշտերս», «Ավե Մարիա», «Ծովն էր, գիշերն էր», «Հուշեր» ստեղծագործությունները:
Ի դեպ, Դոնարա Կարապետյանի ավելի քան 20 երգ ընդգրկվել է Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»-ում:
Խոսելով մանկավարժական գործունեության մասին` Դոնարա Կարապետյանը նշեց. « Մասնագիտության ընտրությունը պատական չէր.մանկավարժի ընտանիքում ծնվելն իր հետքն է թողել»:
Հորից ժառանգած մանկավարժական հմտությունները կիրառելու ընթացքում չի սահմանափակվել միայն լավ մասնագետ կրթելով. մեծագույն առաքելություն է համարել նախևառաջ լավ և պիտանի սերունդ դաստիարակելը:
Նշենք, որ Դոնարա Կարապետյանի հոբելյանական ցերեկույթին ներկա էին նաև ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, նախկին շրջանավարտներ ու ուսանողներ: