Ապրիլի 3-5-ը Կիևում անցկացվեց «9-րդ համաուկրաինական միջազգային ուսանողական օլիմպիադա», որը կազմակերպել էր Մ.Պ.Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական
համալսարանի Շտկողական մանկավարժության և հոգեբանության ինստիտուտը:
Տարբեր երկրների 46 մասնակիցների հետ օլիմպիադային առաջին անգամ մասնակցում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մարգարիտա Թումանյանն ու բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Արթուր Գևորգյանը:
Թեստային և պատկերային ներկայացումների փուլերով անցկացվող օլիմպիադային Մարգարիտա Թումանյանը ներկայացրել էր «PECS-ի կիրառումը աուտիզմով երեխաների հետ» թեմայով աշխատանքը, որին աջակցել էր Հատուկ կրթության Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլլա Կաֆյանի աջակցությամբ էլ Արթուր Գևորգյանը օլիմպիադայում ներկայացրեց «Զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքների հոգեբանական ուղղորդումը Հայաստանում» թեման, որին, ի դեպ, անդրադարձել էր միայն Հայաստանի մասնակիցը:
Մ.Պ.Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի Տիֆլոմանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ե.Պ. Սինևի նախագահությամբ կազմկոմիտեն երկու փուլերից հետո գնահատեց մասնակիցների աշխատանքները. Արթուր Գևորգյանը օլիմպիադայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Մարգարիտա Թումանյանը պարգևատրվեց՝ տարածաշրջանի փորձի լավագույն ներկայացման համար:
armspu.am-ի հետ զրույցում ուսանողները նշեցին՝ օլիմպիադան աննախադեպ հնարավորություն էր փորձի և գիտելիքների փոխանակման համար. «Ծանոթանալով օլիմպիադայի մասնակիցների թեմաներին՝ վստահ կարող ենք ասել, որ Հայաստանում հատուկ կրթությունը բարձր մակարդակի վրա է. բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ ծանոթ չէին ոչ PECS-ին, ոչ էլ մեզանում կիրառվող նորագույն մեթոդներին»,-նշեց Արթուր Գևորգյանը: