Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում օրերս ձևավորվեց հետազոտական առաջին խումբը, որի երեք ենթախմբերում ընդգրկված են Սոցիալական մանկավարժություն

մասնագիտության բակալավրի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի 17 ուսանողներ:
Վերջիններիս հետազոտական աշխատանքները կընթանան ներառական կրթություն իրականացնող Երևանի և մարզային դպրոցներում, մանկատներում և հասարակական կազմակերպություններում:
«Հետազոտական աշխատանքների արդյունքում կապահովվի ֆակուլտետում իրականացվող գիտահետազոտական և կրթական գործընթացների միասնությունը, ուսանողների մոտ կբարձրանա գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրությունն ու որակը»,- armspu.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:

Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր ենթախմբի համար ընտրվել են հետազոտությունների առանձին ուղղություններ և թեմաներ՝ ՀՀ-ում ներառական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերի գործառնությունը և սոցիալական մանկավարժի դերը այդ գործընթացներում, մանկատան սաների սոցիալականացման հիմնախնդիրները:
Հետազոտող ուսանողների հետ առաջին հանդիպման ընթացքում Հակոբ Թադևոսյանը օրինակներով ներկայացրեց հետազոտություններ կատարելու սկզբունքները, պահանջները, որակի ապահովման չափանիշները, հետազոտության արդյունքների մշակման կարգը:
Նշենք, որ կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա նախատեսվում է ֆակուլտետում կազմակերպել գիտական ներկայացումներ, քննարկումներ, իսկ լավագույն աշխատանքները կտպագրվեն որպես հոդվածներ: