Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները հերթական անգամ ամփոփեցին «Կրթություն կամավորական գործունեության միջոցով» ծրագրի

արդյունքները:
Ուսանողները մանկավարժահոգեբանական բնույթի թեմատիկ նյութերի, դասավանդման պլանավորման ձևաթղթերի, դասալսման և գնահատման թերթիկների միջոցով ներկայացրին ամսիներ շարունակ կրթական տարբեր հաստատություններում ծավալած կամավորական գործունեության ընթացքն ու արդյունքները:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեռևս նախորդ տարի կնքած համագործակցության հուշագիրը Երևանի և ՀՀ մարզերի մի շարք կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ հնարավորություն էր տվել ուսանողներին ծավալել կամավորական գործունեություն բոլոր մասնագիտությունների գծով:
Մանկավարժություն և մեթոդիկա ⁄տարրական կրթություն/ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վարդանյանը կամավորական գործունեություն է ծավալել Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրում: 5 ամսվա մասնակցությունն ուսումանական գործընթացին, դասալսումներին, դասավանդման նյութերի պատրաստումն ու պլանավորումը ապագա մանկավարժի համար լավագույն փորձառությունն է:

Հարցաթերթիկների կիրառման միջոցով ուսանողուհին «Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրում ուսման կազմակերպումը և դրա համեմատումն այլ հանրակրթական դպրոցների հետ» հետազոտական թեմայի շրջանակում ուսումնասիրել է կրթության ոլորտը, ծանոթացել մասնագիտության յուրահատկություններին և ուսումնական գործընթացին:
Խոստանում է` կիրառել կամավորության ընթացքում ձեռք բերած բոլոր հմտությունները, խթանել երեխաների վերլուծական մտածողությանն ու դատողությանը, խմբային աշխատելու կարողություններին:
Ամփոփելով կամավորական գործունեության ամիսները` Էջմիածնի Վաչե Ռուստամյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցչի օգնական աշխատած Արուսյակ Վելիխանյանը ևս փաստում է`ծրագիրը հաջողված է, իսկ արդյունքները գոհացնող:
Ուսումնական նյութերի պատրաստումը, դրանց ստուգման, գնահատման գործընթացը, արտադասարանական, արտադպրոցական կրթական միջոցառումներին մասնակցությունը ապագա մանկավարժին հնարավորություն տվեցին գործնականում կիրառել բուհում ձեռք բերած գիտելիքները, ունենալ մասնագիտական աճ:
Ծրագրի արդյունքից գոհ է նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական կրթության գծով

տեղակալ Լուսինե Պողոսյանը: Վերջինս ուրախությամբ է նշում`«Կրթություն կամավորական գործունեության միջոցով» ծրագրին ընդգրկվել ցանկացող կամավորների թիվն օրեցօր է աճում.« Հաճախ կարելի է նկատել, որ տեսական գիտելիքներն ու պրակտիկաները չեն նպաստում ուսանողների մասնագիտական կոմպետենտությունների ձևավորմանը: Կարծում եմ` ծրագրի ընթացքում կիրառվող հետազոտական աշխատանքները կլրացնեն կրեդիտային համակարգում սակավ պրակտիկայի ժամանակաչափը, կնպաստեն ուսանողների փորձառությանը»:
Լուսինե Պողոսյանը ընդգծեց, որ ծրագրի շնորհիվ երբեմն լուծվում է նաև ուսանողի`աշխատանքի խնդիրը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով բարձրացնել կրթության որակը, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, կյանքի կոչել Բոլոնիայի հռչակագրի որոշ դրույթներ և դրանք իրագործել բուհում: