«Տերյան մշակութային կենտրոն»-ում կայացավ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, նկարիչ Սարգիս Թերզյանի՝ ջրաներկով աշխատանքերի ցուցահանդես-վաճառք:

Բացման խոսքով հանդես եկավ արվեստաբան Մերի Երզնկյանը, ում կարծիքով Սարգիս Թերզյանը ջրաներկի վարպետ է և իր ուսուցչի՝ Լյուդվիգ Բերբերյանի արժանի աշակերտը. «Հայ նկարիչները խուսափում են ջրաներկից. այն քմահաճ և ոսկերչի նրբանկատություն պահանջող նյութ է: Ցուցահանդեսը կարծես ջրաներկով աշխատելու հայտ և կոչ լինի՝ ուղղված բոլոր նկարիչներին»:
«Քնքուշ, բայց ոչ քաղցրիկ». այսպես բնութագրեց արվեստաբանը Սարգիս Թերզյանի՝ հայկական բնաշխարհը պատկերող նկարները, որոնց վեր սլացող լեռներում ու վանքերում նա նկատում է լույսի գաղափար, բարձր տրամադրություն ու վեհացող ոգի:
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Արա Հակոբյանը հպարտություն համարեց Սարգիս Թերզյանի աշակերտ լինելը՝ նշելով, որ ջրաներկի վարպետների շարքում նա ունի իր պատվավոր տեղը:
«Մի շարք երկրներում ջրաներկով աշխատել սովորում են դեռ դպրոցում՝ հաշվի առնելով, որ ջրաներկը գեղագիտական ճաշակ և հարուստ ներաշխարհ ձևավորելու անփոխարինելի միջոց է»,-նշեց Արա Հակոբյանը:

«Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Առուշան Հակոբյանը բարձր գնահատեց ցուցահանդես-վաճառք կազմակերպելու նախաձեռնությունը և կարևորեց նկարչի՝ իր վարպետությունը հաջորդ սերունդներին փոխանցելու պատրաստակամությունը:
Սարգիս Թերզյանի ցուցահանդեսին ներկա էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, նկարիչներ, ուսանողներ, վարպետի արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր:
Նշենք, որ «Տերյան մշակութային կենտրոն»-ում Սարգիս Թերզյանի անհատական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կտևի մինչև ապրիլի 21-ը:
Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի կենտրոնում հաշմանդամ երեխաներին դեկորատիվ-կիրառական արվեստ ուսուցանելու ծրագրին: