Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում անցկացվեց Հայկյան մրցանակաբաշխությունը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավորԿարեն Ավագյանը. «2000 թվականից անցկացվող Հայկյան մրցանակաբաշխությունը այսօր փաստացի վերականգնում է իր առաքելությունը: Այն պետության կողմից ձեր կատարած աշխատանքների գնահատականն է»:
.jpg)
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև հանրապետության վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վերջինս, շնորհավորելով մրցանակակիրներին, նկատեց. «Մրցանակաբաշխության նպատակն է խթանել և խրախուսել ակտիվությունը և ինքնակազմակերպումը երիտասարդների շրջանում»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակները ստացան 2011թվականին տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցները։ Պարգևները մրցանակակիրներին հանձնեց վարչապետը:
Մրցանակաբաշխությանը ներկայացված էր նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն արժանացավ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» պարգևին: Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին իրենց աշխատանքը գնահատելու համար. «Պարտավորեցնող եմ համարում հատկապես այն, որ մրցանակը ստանում եմ հարազատ բուհի կառավարման խորհրդի նախագահից: Խոստանում եմ այսուհետ աշխատել առավել եռանդուն, որպեսզի բուհը դառնա հանրապետությունում լավագույններից մեկը»:
Հայկյան մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները։

«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո» ուսանողական միջազգային ամառային» դպրոցը: «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում պարգևատրվեց «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, «Ինքանատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգում`«Միասին» երիտասարդական շարժման «Շնորհավոր, սիրելի՜ մայրեր» նախագիծը, «Լավագույն երիտասարդական հաղորդում անվանակարգում»`«Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը, «Երևանում գործող լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն» անվանակարգում` «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը:
Տարվա նորարությունն էր «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը, որին արժանացավ Արտյոմ Հովհաննիսյանը` միջազգային գիտական պարբերականներում առավելագույն հղումներ ունենալու համար:Մրցանակներ հանձնվեցին նաև այլ անվանակարգերում: