ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նախափառատոնյան համերգ `Փողային նվագախմբի մասնակցությամբ
12.04.2013

Մանկավարժական համալսարանի Երաժշտության բաժնի Փողային նվագախումբը, նախքան մասնակցելը Գյումրիում կայանալիք երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնին, հարազատ բուհում հանդես եկավ համերգային ծրագրով:

Փողային նվագախումբը` ղեկավար Կոլյա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Յոհաննես Բրամսի «Հունգարա պար>>, Ջուզեպե Վերդիի «Հաղթական քայլերգ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի», Դմիտրի Բրասլավսկիի «Ուրախ նվագախումբ», ինչպես նաև հատված Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործությունից:
Հանդիսատեսին սպասվում էր հաճելի անակնկալ. առաջին անգամ փողային նվագախմբի և ժողգործիքների համադրությամբ հնչեցին «Արևելյան պար», «Էրզրումի շորոր», «Ալաշկերտի պար» ստեղծագործությունները:
Փողային նվագախմբի ղեկավար ԿոլյաՄարտիրոսյանը հպարտ է`1973 թվականից գործող և բազմաթիվ միջազգային փառատոների մասնակցած նվագախումբն այսօր նոր շունչ է ստացել. «Ամեն տարի նվագախումբը սերնդափոխվում է. թարմացվում են նաև համերգային ծրագրերը: Առաջիկայում սպասվող մրցույթից մեծ սպասելիքներ ունենք. անցած ուղին և 40 տարվա բեղմնավոր գործունեությունը միմիայն հաղթանակ են խոստանում»:
Համերգի ավարտին Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր գործիչ Արա Գևորգյանն, ավանդույթի համաձայն, այս անգամ նվերներ և պատվոգրեր հանձնեց ամբիոնի գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք ցուցաբերած ուսանողներ Նաիրա Մանուկյանին և Մանանա Խանարյանին:
Հանդիսատեսն իր բարձր ծափողջույններով,իսկ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը անհատական ձեռքսեղմումով հաջողություն մաղթեց փառատոնի մասնակիցներին: