Օրերս Գեղարվեստական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ «Վանիլային ռոք» խորագիրը կրող նորաձևության ցուցադրություն:
.jpg)
Ավարտուն էսքիզներ, բազային նախագծեր. կիրառական արվեստ մասնագիտության 2-րդ կուրսի Ա խմբի ուսանողներից յուրաքանչյուրը հագուստի մոդելավորման ասպարեզում ներկայացրեց աշխատանքային մեկական մոդել:
Ապագա դիզայներներն իրենց առաջին քայլերն ու սեփական մտահաղացումներն իրականացրին հարազատ բուհի հատուկ կահավորված արվեստանոցում:
«Հագուստի դիզայն» առարկայի դասախոս, նախագծի ղեկավար Հռիփսիմե Մարոնյանը ուրախ է, որ բուհում ստացած կրթությունն ու տեսական գիտելիքները ուսանողները հմտորեն կիրառել են նաև գործնականում. «Կարծում եմ` արգասաբեր աշխատանքի մեկնարկը տրված է: Ցուցադրությունը հնարավորություն տվեց նրանց օգտվել ժամանակակից բազմաֆունկցիոնալ և հատուկ նշանակության կարի մեքենաներից, աշխատանքում կիրառել մասնագիտական գործիքներ, մանեկեններ:»
Հռիփսիմե Մարոնյանը նկատում է, որ համապատասխան էլեմենտներն ու դետալները լրացրել են ներկայացված մոդելների կերպարները. դրանցից յուրաքանչյուրն իրենց ամբողջականությամբ նաև ընդհանուր հավաքածուի մի մասն են կազմում:
Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը ևս կարևորեց ցուցադրության անցկացումը: Վերջինս վստահ է` ուսուցման ընթացքում կատարած ստեղծագործական քայլերը կօգնեն ուսանողներին կայանալ ոլորտում և ունենալ մասնագիտական վերելքներ:
.jpg)