ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցինք միջազգային մրցույթ-փառատոնի
15.04.2013
Արդեն հինգերորդ անգամ Գյումրիում անցկացվեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
Այս տարի երաժշտական մրցույթում ներկայացված էր 13 անվանակարգ` 5 տարիքային խմբերով. աշխարհի 30 երկրներից մրցույթին մասնակցում էին 2415 երաժիշտ-կատարողներ:
Մրցույթի այս տարվա նորարարություն հանդիսացող «Փողային գործիքներ» անվանակարգում առաջին անգամ մասնակցեց նաև Մանկավարժական համալսարանի «Նաիրի» փողային նվագախումբը:
Գոհար երաժշտանոցի դահլիճում ներկայացված Դմիտրի Բրասլավսկու «Ուրախ նվագախումբ», Ջուզեպե Վերդիի «Հաղթական քայլերգ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի», Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործությունների բարձրակարգ կատարումներն արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականին:
Հունաստանի ներկայացուցիչ, հարվածային գործիքների մասնագետ, երաժիշտ Արսեն Տեր-Տաճատյանն առաջին անգամ է ընդգրկված ժյուրիի կազմում: Այս օրերի ընթացքում հասցրել է համոզվել`փառատոնը հսկայական դեր ունի Հայաստանի երաժշտական կյանքում:
Վստահ է` մրցույթ-փառատոնը դասական երաժշտության քարոզչության, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև նոր ստեղծագործական կապերի հաստատման, այլազգի արվեստագետների կողմից վարպետության դասեր անցկացնելու և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու լավագույն ձևերից է. §Փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստը Հայաստանում զիջում է եվրոպականին և ամերիկյանին. կարծում եմ` դասավանդման մեթոդիկայի ոլորտում լուրջ անելիքներ կան: Չնայած դրան` «Նաիրի» փողային նվագախմբի ընտրած ծրագիրն ու կատարումները ևս մեկ անգամ փաստեցին`տաղանդավոր երեխաների պակաս Հայստանն իսկապես չունի»:
Ժյուրի մյուս անդամ, Թբիլիսիի Կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեորգի Բերիձեն Հայաստան է ժամանել Վրաստանից: Պրոֆեսորը զարմացած է` նույնիսկ հարուստ տնտեսություն ունեցող երկրները նման մեծամասշտաբ նախաձեռնություններով հազվադեպ են հանդես գալիս.«Մեզ նման փոքր երկրների համար գիտությունն ու արվեստը մնայուն արժեքներ են: «Վերածնունդ» փառատոնի ժյուրիի անդամ եղել եմ նաև երկու տարի առաջ, երբ մասնակիցների նման քանակ և մակարդակ չկար. փոփոխություններն ուղղակի ապշեցնող են: Վաղուց չէի լսել երիտասարդների կողմից փողային գործիքների նման պրոֆեսիոնալ կատարողականություն. վստահ եմ` Խաչատրյանի, Վերդիի արվեստին տիրապետողները մեծ ապագա ունեն»:
Փողային-էստրադային նվագախմբի ղեկավարություն բաժնի 1-ին կուրսի ուսանող Կարո Խաչատրյանը երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնին մասնակցում է երկրոդ անգամ: 2012 թվականի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացած սաքսոֆոնահարը խոստովանում է` խմբակային մասնակցությունն առավել հետաքրքիր է և ոգևորող: Վստահ է` Գյումրու վերածնունդը խորհրդանշող մրցույթի առաջին հորիզոնականն իրենք են զբաղեցնելու:
Տարբեր մշակութային միջոցառումների և բազմաթիվ փառատոնների մասնակցած «Նաիրի» փողային նվագախմբի ղեկավար Կոլյա Մարտիրոսյանը թեև խուսափում է շռայլ գնահատականներից, այնուամենայնիվ, գոհ է նվագախմբի կատարումներից: Վերջինս խոստովանում է`նախկին ձեռքբերումներն ու հաջողությունները միջազգային բեմերում հանդես գալու լավագույն նախապայմաններ են:
Ի դեպ, առաջիկայում Փողային նվագախումբը կմասնակցի նաև Վանաձորում անցկացվող Էմին Խաչատրյանի անվան Փողային նվագախմբերի հանրապետական մրցույթ փառատոնին:
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» հինգերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա ապրիլի 18-ին:
13 անվանակարգերում հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են այլ մրցանակներ և հուշանվերներ: