ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարեւորվեց Մանկավարժականի դերը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում
16.04.2013
Ապրիլի 15-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազամակերպել էր «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Լսումներն ընթացան երկու նիստով` «Ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները» և «Քաղաքացիական հասարակության տեսանկյունը»:
Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն իր ելույթում ներկայացրեց հասարակական խորհրդի աշխատանքները, ձեռքբերումները: Վերջինս ընգծեց նաև Մանկավարժական համալսարանի հետ ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցությունը:
Գեղամ Հարությունյանը հատկապես կարևորեց համալսարանի դասախոսների մասնակցությունը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին, Զինված ուժերի սպայակազմի համար Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները, հետազոտական ծրագրերը, Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության ուսանողների գործնական պարապմունքների համար զորամասեր նրանց այցելություններին աջակցությունը, «Երիտասարդ սպաների սոցիալ-հոգեբանական հարմարման խնդիրները» թեմայով պատրաստվող ուսումնասիրությունը, ինչպես նաև մայիսին նախատեսվող «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» հանրապետական գիտաժողովի կազմակերպման գործում ֆակուլտետի մասնագետների աջակցությունը:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ազգային ժողովում կայացած նիստին մասնակցեց նաև Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը: