ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա լրագրողները՝ որպես դերասաններ
16.04.2013
«Կյանքը հրաշք է, բարի օր քեզ, մա´րդ». Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում հանդիսատեսին այսպես ողջունեցին Հեռուստալրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողները:
«Դու մենակ չես, քանի դեռ սիրող ունես» ներկայացման ընթացքում ապագա լրագրողները հանդես եկան որպես դերասաններ՝ ներկայացնելով սիրո տարբեր դրսևորումները, այն վերապրելու, տեսնելու և զգալու առանձնահատկությունները:
Ներկայացման ողջ ընթացքում տարբեր դրվագներով մատուցվեց սիրո գոյությունն ու ուժը նույնիսկ ամենաանհաղթահարելի իրավիճակներում:
«Չտարբերակելով սեռ ու տարիք, պետք է հիշել՝ ոչ ոք մենակ չէ, եթե նրա կողքին կան սիրող մարդիկ»,-ասաց դերակատար Արթուր Գասպարյանը, ով նաև ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն էր:
armspu.am-ի հետ զրույցում վերջինս նշեց` ներկայացումը նվիրված էր Հեռուստալրագրության բաժնի 1-ին կուրսի լավագույն բարեկամ Սեդա Հովհաննիսյանի հիշատակին. նրա թողած նամակն էլ հիմք էր հանդիսացել ներկայացման սցենարի համար:
«Հուսով եմ, որ մատուցման մատչելի ձևերի շնորհիվ մեր ասելիքը հասավ հանդիսատեսին: Յուրաքանչյուր օր կարող է լինել վերջինը. թող յուրաքանչյուր օրը լինի սպասված ու սիրով լի»,-նշեց Արթուր Գասպարյանը՝ ավելացնելով՝ մեր հասարակությանը սերն է պակասում:
Ալլա Զաքարյանը մեկն էր այն դերակատարներից, ով կերտում էր չհասկացված մարդու կերպարը. նրան չէին հասկանում նույնիսկ ծնողները: «Չպետք է փակել բոլոր էջերը, երբ ինչ-որ բան ավարտվում է. եթե մենակ չենք, ուրեմն մեզ սիրում են»,-նշեց ուսանողուհին՝ խոստովանելով, որ ներկայացումը սովորեցրեց գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: