ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տնօրհնեք Մանկավարժականում
16.04.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում էին Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման տնօրեն Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանն ու բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը:
Տերունական աղոթքից հետո վարդապետը ներկայացրեց այցելության նպատակը՝ բացատրելով Տնօրհնեքի խորհուրդն ու նշանակությունը. «Կատարելով Տիրոջ պատգամն ու խրատը՝ օրհնում ենք այս բուհի խորհրդանիշները, աղը, հացն ու ջուրը՝ օրհնելով նաև այս հասատության անդամներին»,-ասաց Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:
Համալսարանին մաղթելով ուժ և իմաստություն՝ վերջինս ուսանողներին տեղեկացրեց, որ ըստ պատմական աղբյուրների՝ Խաչատուր Աբովյանը եղել է հայ եկեղեցու հոգևորական. «Վստահ եմ՝ նա բոլորիդ համար բարեխոս կլինի երկնքում, որպեսզի դուք լավ սովորեք և դառնաք ազգի ու եկեղեցու համար պիտանի զավակներ»:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ Մանկավարժականում առաջին անգամ է անցկացվում Սուրբ Զատկից հետո կատարվող Տնօրհնեքի արարողություն. «Բուհը սիրով ընդունեց եկեղեցու առաջարկությունը, որն ունի ինչպես հոգևոր, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն»:
Պարարվեստի մանկավարժության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Գրիգորյանը օրհնությունը հոգևոր սնունդ է համարում, բայց առավել շատ կարևորում է ուսանողների՝ առ Աստված հավատ սերմանելը. համոզված է՝ ներկաներից քչերն են ամեն օր աղոթում:
Օրհնության արարողակարգից հետո ներկաներն համատեսեցին օրհնված ջուրը, աղն ու հացը:
Նշենք, որ ավանդության համաձայն՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո հոգևորականներն այցելում են տներ, հաստատություններ՝ փոխանցելով տոների ավետիսն ու աստվածային օրհնությունը: