«Բոլոր երկրներում հեղափոխություն իրականացնողները երիտասարդներն են. դուք պետք է տեղեկացված լինեք երկրի առջև ծառացած խնդիրներին և մարտահրավերներին` առաջարկելով

լուծման ձեր ուղիները»,-այսօր Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ շարունակեց,- Երիտասարդությունը ոչ միայն երկրի ապագան է, այլ նաև ներկան.մենք պետք է երկխոսենք, լսենք և սովորենք ձեզնից: Այն պետական գործիչը, ով արհամարհում է և չի ցանականում լսել երիտասարդության ձայնը, հանգրվանում է «դիոգենեսյան» փոքրիկ տակառում»:
Այսպիսով, Բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման սկզբում Շարմազանովը կարևորեց երիտասարդների, մասնավորապես հարազատ բուհի ուսանողների հետ երկխոսությունը:
ԱԺ փոխնախագահը «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներ» թեմայով դասախոսության ընթացքում կարևորեց հատկապես երկրի անվտանգությունն ու արժեհամակարգի ճգնաժամի հաղթահարումը:
Նա ցավով նկատեց, որ մենք երբեմն փորձում ենք համեմատվել այն երկրների հետ, որոնք չունեն անվտանգության և գոյատևման խնդիր: Շարմազանովը վստահ է` մեզնից յուրաքանչյուրը որևէ քայլ կատարելիս պետք է մտածի երկրի անվտանգության մասին: Այդ առումով միակ համեմատելի և ուսանելի պետությունն Իսրայելն է, ուր ժողովրդավարության զարգացումը երբեք չկատարվեց ազգային, պետական անվտանգության հաշվին. «Սահմանների անվտանգությունը, հայազարգացումը, հայապահպանումն ու Հայաստանի հզորացումը պետք է լինեն մեր առանցքային խնդիրները: Հայրենասիրությունը մեզ համար հաճախ վերացական հասկացություն է, այնինչ մեզնից յուրքանչյուրը պետք է գիտակցի, որ մեծագույն երջանկություն է ապրել մի երկրում, որտեղ ծածանվում է եռագույնը»:

Անդրադառնալով վերջին տարիներին նկատվող արժեհամակարգի խեղաթյուրմանն ու հակասելով այն մտքին, թե ավանդականն ու մոդեռնիզմն անհամատեղելի են, ԱԺ փոխնախագահը մեջբերեց Գարեգին Նժդեհի հայտնի միտքը, թե հայ պետական գործչի մի ձեռքը պետք է լինի իր ազգի բարոյական օրենսգրքի վրա, իսկ մյուսը`արևմուտքում, որ յուրացնի կրթության, գիտության,մշակույթի նվաճումները:
Շարմազանովը նկատում է` տարբեր արժեքների քողի տակ Հայաստան են ներմուծվում ցածրակարգ արժեքներ, որոնց նպատակը սերունդներին իր արմատներից կտրելն է, մինչդեռ պատմությունն ապացուցել է`մենք կորցրել ենք այն ժամանակ, երբ գնացել ենք սպառողական մտածողության հետևից` երկրոդական համարելով հոգևոր և ազգային արժեքները:
«21-րդ դարը բաց, հրապարակային, գլոբալիզացիոն և տեղեկատվական ժամանակաշրջան է.պատերազմները ոչ այնքան իրական են, որքան վիրտուալ. դրանք ռազմական ոլորտից տեղափոխվել են գաղափարական դաշտ»:
Էդուարդ Շարմազանովը վստահ է` ծագած խնդիրների պատճառը հաճախ տեղեկացված չլինելն է. այդ առումով կարևոր դեր կարող է կատարել համացանցը`դառնալով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վիրտուալ հարթակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ամբիոնների վարիչները, դասախոսներ, ուսանողներ. վերջիններս հյուրին ուղղեցին իրենց հուզող հարցերը: