Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ Հումանիտար գրադարանի ընթերցասրահում օրերս բացվել է «Հայոց ցեղասպանությունը գրքերում» ցուցադրությունը:

Ցուցադրությանը ներկայացված են տարբեր երկրներում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակված շուրջ հարյուր աշխատություններ:
Գրադարանի ցուցասրահում այցելուները կարող են ծանոթանալ տարբեր երկրներում հրատարկված և Ցեղասպանության մասին պատմող ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի, գերմանացի մեծ հայասեր Յոհաննես Լեպսիուսի, ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի և այլոց հուշերին:
Ցուցադրության նորություն են վերջերս ձեռք բերված «Հայոց ցեղասպանություն. վերապրողների հուշեր» եռահատոր աշխատությունը, օտար հուշագրողների աշխատանքներն ընդգրկող «Սև գիրք» աշխատության հայերեն և ռուսերեն օրինակները, Լիբանանի նվիրաբերած «Ցեղասպանության վերապրողների հուշեր»-ի երկու հատորներն ու վերջին տարիներին տպագրված մեկ տասնյակից ավել գրքեր:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի 24-ը:
