Ապրիլի 16-21-ը Հայաստանում անցկացվում է պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում այսօր Բանասիրական ֆակուլտետն հյուրընկալել էր արցախցի գրողներ ԼՂՀ Գրողների

միության նախագահ Վարդան Հակոբյանին, Սոկրատ Խանյանին, Արկադի Թովմասյանին, Հրանտ Ալեքսանյանին ու Ռոբերտ Եսայանին:
Ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործությունները. պոեզիային նվիրված ցերեկույթին նոր շունչ հաղորդեց Սոկրատ Խանյանը, ով շվիով կատարեց «Դլե յաման»-ն ու ժողովրդական այլ ստեղծագործություններ:
Հանդիպման ավարտին ԼՂՀ Գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն իր հիացմունքն արտահայտեց Մանկավարժականի ուսանողների՝ գրականության և հատկապես պոեզիայի հանդեպ ունեցած սիրո առթիվ. «Ոգևորված ծափահարությունները վկայում են՝ արցախյան պոեզիան սպասված է ու սիրված»:

Մանկավարժական համալսարանում հյուրընկալելու համար գրողներին շնորհակալություն հայտնեցին Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:
Վերջինս նշեց, որ մեծ խորհուրդ կա ղարաբաղյան բանաստեղծական ներուժի այցելության մեջ. նրանք արցախյան գույնն ու դիմագիծն այդպիով կտակում են հայ պոեզիային:
Աելիտա Դոլուխանյանի կարծիքով՝ բանաստեղծությունների ընթերցմամբ Արցախի բանաստեղծները ներկայացրին իրենց «ցեղին սիրտը». նրանց բնությունն ու հերոսական ոգին ոգեշնչում են գրելու գեղեցիկ ու անմոռաց բանաստեղծություններ:
Նշենք, որ պոեզիայի միջազգային փառատոն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն մեկնարկել է ապրիլի 16-ին «Կասկադ» համալիրում` իր շուրջը համախմբելով աշխարհի 30 երկրներից ժամանած մի քանի տասնյակ գրողների: Փառատոնն անցկացնում է Հայաստանի գրողների միությունը «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: