ՀՀ կառավարության նիստերի դահլիճի նախասրահում այսօր բացվեց «Ուսուցումը Հայաստանում-2013» միջազգային ավանդական Xl-րդ ցուցահանդեսը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Էքսպո սերվիս» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 20 պետական և մասնավոր բարձրագույն և միջին մասանագիտական ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ:
Մանկավարժական համալսարանն այս տարի ևս ցուցահանդեսին ունեցավ իր ակտիվ մասնակցությունը. ի տարբերություն այլ տաղավարների`այստեղ այցելուներին հայկական տարազներով դիմավորում էին բուհի Պարարվեստի բաժնի ուսանողուհիները:
Գունազարդ պաստառները, ամփոփ տեղեկատվությամբ հագեցած բուկլետները, համալսարանի պատկերազարդ ալբոմն ու տաղավարում տեղակայված մոնիտորները հնարավորություն տվեցին այցելուներին ամբողջական տեղեկատվություն ստանալ բուհի պատմության, ֆակուլտետների, ընդունելության կարգի և գործող մասնագիտությունների մասին: Ներկաները Համալասարանի տարվա և ընթացիկ գործունեության մասին տեղեկացան բուհի պաշտոնական կայքէջից և «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթից:

«Էքսպո սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Կակոյանը համոզված է` ցուցահանդեսն արդունավետ ու կայացած նախաձեռնություն է. այն հնարավորություն է տալիս շրջանավարտներին ծանոթանալ ուսումնական հաստատությունների գործունեությանը և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում.«Նման էքսպոներն աշխարհում մեծ տարածում ունեն.դրանք հնարավորություն են տալիս մեկ վայրում հանդիպել շահառուներին եւ գործատուներին, սերտացնել միջբուհական կապն ու համագործակցությունը»:
Ռաֆայել Կակոյանը տպավորված է` Մանկավարժականի տաղավարում տարեցտարի նկատվող նոր և դրական փոփոխություններն ակնհայտ են.այն այս տարի անհամեմատ շքեղ է և գործնական:
Այն, որ բուհի տաղավարը գրավիչ է և ամբողջական տեղեկատվություն է տալիս այցելուներին, փաստում է նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը: Վերջինս վստահ է՝ Մանկավարժականի տաղավարը ներկայացնող գրագետ անձնակազմն ու տեղեկատվության ճիշտ մատուցումը կնպաստեն, որպեսզի այցելուները բարձրագույն կրթություն ստանան հենց այս բուհում:
Նշենք, որ «Ուսուցումը Հայաստանում-2013» միջազգային ավանդական Xl-րդ ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը: