ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշակերտների մեկ օրը`ուսանողի առօրյայով
19.04.2013
Մանակավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էին Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղի Եսայի Ասատրյանի անվանմիջնակարգ դպրոցի աշակերտները:
Վերջիններս եղան բուհի հնագույն` Սկզբնական կրթության ֆակուլտետում. մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժնի մագիստրոսների հետ միասին աշակերտները մասնակցեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի դասախոսությանը:
Պրոֆեսորը, ողջունելով հյուրերին, նրանց ծանոթացրեց բուհի կրթական կառուցվածքին, տարրական դասարաններում դասավանդման մեթոդներին, մագիստրոսական կրթության առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրեց «Բարձրակարգ մտածողության բաղադրիչներն ու լեզվահաղորդակցական կարողությունների ձևավորումը կրտսեր դպրուցում» թեման:
Սկզբնական կրթության ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողուհի Անժելա Մանասյանն ու նրա կուրսընկերները աշակերտներին բացատրեցին «բարձրագույն մտածողություն» տերմինի նշանակությունը, ապա բաժանվելով երեք խմբի` վերլուծությունների միջոցով ներկայացրին մամուլի, հեռուստատեսության և համացանցի դերն ու ազդեցությունը դեռահասների հոգեկան գործընթացների և մտածողության վրա:
Աշակերտների համար հատկապես ուշագրավ էր վարժանքների մեթոդով ներկայացված տեղեկատվության հաղորդման, դրա ընկալման, ինչպես նաև դասապրոցեսի անցկացման ճիշտ և սխալ ձևերը:
Դպրոցականները, մասնակցելով վարժանքին, հասկացան` ցանկացած հարցի վերաբերյալ յուրքանչյուրն ունի իր իր տեսակետն ու մոտեցումները:
Ջուլիետա Գյուլամիրյանը համոզված է` դասապրոցեսն օգնեց աշակերտներին նորովի բացահայտել համալսարանական կրթությունն ու մանկավարժի մասնագիտության հետաքրքիր կողմերը.«Կարծում եմ` նրանք մանկավարժությունն այսուհետ կընկալեն որպես մարդու արժեհամակարգի ձևավորման և նրան խորությամբ ուսումնասիրող առաջնային ոլորտ և կհամալրեն աբովյանականների շարքերը»:
Աշակերտների հաջորդ կանգառը բուհի թանգարանում էր. գիտաշխատող Տաթևիկ Եսայանի օգնությամբ նրանք ծանոթացան բուհի պատմությանը, Հայրենական և Արցախյան պատերազմներում Մանկավարժականի մասնակցությանը, անվանի շրջանավարտներին: Թանգարանում տեղադրված մոնիտորներն ու պաստառներն ամբողջական տեղեկատվություն հաղորդեցին նաև բուհի ֆակուլտետների, մասնագիտությունների և առօրյայի մասին:
Դպրոցականները շրջեցին նաև բուհի գիտական գրադարանում.տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ողջունելով հյուրերին, ծանոթացրեց ընթերցասրահին, հարուստ գրապահոցներին և ընթերցասրահում ներկայացված ցուցադրություններին:
Տիգրան Պետրոսյանցն այս անգամ ևս բուհն այցելած դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակած` «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:
Աշակերտների պատկերացումները համալսարանի և ուսանողի առօրյայի մասին ամբողջացրեց այցելությունը բուհի ճաշարան.համտեսելով մատուցված բազմազան ու համեղ սնունդը` աշակերտները տպավորված հեռացան Մանկավարժականից`խոստանալով հաջորդ այցելությանը ներկայանալ որպես դիմորդ: