ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջբուհական գիտագործնական նստաշրջան
22.04.2013
Մանկավարժական համալսարանում այսօր բացվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջբուհական 2-րդ գիտագործնական նստաշրջանը:
«Լեռնային բնատեխնածին գեոհամակարգերը որպես բնակության էքստրեմալ միջավայր» խորագիրը կրող նստաշրջանը նվիրված էր 1915 թվականի Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը:
Նա կարևորեց ֆակուլտետների ու ամբիոնների կողմից անցկացվող և արդեն ավանդույթ դարձած ամենամսյա գիտական նստաշրջանների անցկացումը. «Գիտնականը պետք է զբաղվի գիտությամբ՝ ուսանողներին ու գիտնականներին զեկուցելով տվյալ գիտության վերաբերյալ իր պաշարը. խիստ հրատապ է այս թեմային գիտական մակարդակում անդրադառնալը»,-ասաց Կամո Վարդանյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ նստաշրջանները կարևոր են հատկապես մագիստրոսների համար. գիտական հետազոտությունն այդպիսով նրանց համար դառնում է առաջնահերթություն:
Նստաշրջանի աշխատանքները կարևորեց նաև ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հ.ոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը. «Քննարկվող հարցերը կարևոր են ինչպես կենսակերպի, այնպես էլ ներկայիս սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները արծարծելու համար»:
Պրոռեկտորը վստահ է՝ ուսանողների մասնակցությունը խթան կհանդիսանա գիտական ավանդույթները շարունակելու համար:
Ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը, ընդգծելով նստաշրջանի միջբուհական բնույթն ու թեմատիկ կարևորությունը, վստահեցրեց՝ ինչպես գիտական, այնպես էլ գործնական նշանակություն ունեցող միջոցառման ընթացքում կհնչեն գիտական ծանրակշիռ զեկուցումներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՊՄՀ Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Մուրադյանն ու ա. գ. դ., պրֆ. Մաքսիմ Մանասյանը (ԵՊՀ):
Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, ա. գ. դ., պրֆ. Գևորգ Կարապետյանը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը, որին հաջորդեց լեռնային գեոհամակարգերում լանդշաֆտային պլանավորման սկզբունքներին վերաբերող ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանի զեկույցը:
Հաջորդ զեկուցողը Մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, ա. գ. դ., պրֆ. Կարինե Դանիելյանն էր:
Վերջինս ներկաներին շնորհավորեց Երկրի օրվա կապակցությամբ և իր` «ՄԱԿ - ի տասնամյակ «Կրթություն կայուն զարգացման համար»» զեկույցում ներկայացրեց այդ ուղղությամբ վերջին տարիների միջազգային փորձն ու ձեռքբերումները:
Բնապահպանը ափսոսում է՝ ունենալով հզոր գիտություն, տեխնոլոգիաներ, մարդկությունը մտավ էկոլոգիական ճգնաժամի մեջ, իսկ գիտությունը կանխորոշելու փոխարեն սկսեց միայն փաստել դրա արդյունքները. «Երկրներն ու միջազգային կազմակերպությունները էկոլոգիական ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել, բայց մենք չենք հասցնում Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող բացասական փոփոխությունների հետևից»:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, փորձ է արվում իրականացնել կրթություն հանուն կայուն զարգացման. «Կրթական համակարգը պահանջում է համալիր մոտեցում, յուրաքանչյուր գլոբալ խնդիր լուծելիս պետք է հաշվի առնել երկրի տնտեսական, սոցիալական, էկոլոգիական խնդիրները, գտնել դրանց մեջ ներդաշնակ հարաբերություններ»:
Զեկուցումներով հանդես եկան նաև ա. գ. դ., պրֆ. Գևորգ Կարապետյանը (ՀՊՄՀ), ա. գ. դ., Հովիկ Սայադյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան), գյուղատնտես. գիտ. թեկնածու, դոցենտ Սամվել Կրոյանը (Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարան), ա. գ. դ., պրոֆեսոր Բորիս Մնացականյանը (ՀՊՄՀ), ա. գ. թ., դոցենտ Լևոն Մարտիրոսյանը (Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ) և Արդարադատության փոխգնդապետ Արթուր Կարապետյանը (ՀՀ ԱԳՆ):
Ավարտին Գևորգ Կարապետյանը, ընդհանրացնելով նստաշրջանի արդյունքները, նշեց, որ բոլոր զեկուցումները մշակված էին բարձր մակարդակով և հեղինակների՝ սեփական հետազոտությունների հիման վրա. դրանք ավելի քան հիմա անհրաժեշտ են բնօգտագործման, բնական ռեսուրսների պակաս ռիսկային օգտագործման համար:
Նպատակ ունենալով բարձրացնել աշխարհագրական հետազոտությունների պրագմատիկ նշանակությունը՝ նստաշրջանում որոշվեց հաջորդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա նոյեմբերին՝ «Հայ աշխարհագարական մտքի զարգացման ընթացքը անցյալի, ներկայի և սպասվելիք ապագայի համատեքստում» խորագրով: