ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խորհրդատվություններ` ավարտական քննություններին ընդառաջ
23.04.2013
Բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման նախաշեմին Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետներում անցկացվում են 2012-2013 ուսումնական տարվա քննությունների խորհրդատվություններ:
Մասնագիտական առարկաների քննությունները հաջողությամբ հանձնելու համար ապրիլի 22-ից Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ևս կայուն ժամանակացույցով կազմակերպվում են կոնսուլտացիաներ:
Խորհրդատվությունների առաջին օրն անցկացվել է «Հայոց պատմություն» / հնագույն և հին շրջան/ և Համաշխարհային պատմություն /հին աշխարհի պատմություն/ առարկաներից, որոնք վարել են պատմական գիտությունների թեկնածու, դոցենտներ Ավետիս Հարությունյանն ու Երվանդ Գրեկյանը:
Ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի հավաստմամբ` պրոֆեսորադասախոսական կազմն ամեն ինչ անում է աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար: Դեկանը վստահ է` ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ուսանողներին տրամադրվող ամբողջական փաթեթներն ու նյութերը կօգնեն նախապատրաստվել և ցուցաբերել բարձր առաջադիմություն:
Նախաքննական տրամադրությունը Պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արման Աբրահամյանի համար ավելորդ լարվածություն չի ստեղծում: Ապագա պատմաբանը կարևորում է հատկապես այն, որ կոնսոուլտացիաների ընթացքում անդրադարձ է կատարվում նաև պատմագրության մեջ առկա խնդիրներին, հիմնահարցերին. հավելյալ նյութերը հնարավորություն են տալիս առավել խորությամբ ուսումնասիրել ներկայացվող ժամանակաշրջանները:
Ի դեպ, վերջինս ուրախությամբ է նշում` ավարտական որակավորման քննությունների հարցաշարերին, խորհրդատվությունների ժամանակացույցին և գրաֆիկին ծանոթացել են բուհի պաշտոնական կայքէջից` http://armspu.am/culture/ln/am:
Նշենք, որ բուհի բոլոր 10 ֆակուլտետներում 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննությունների խորհրդատվությունները շարունակվում են: