Այսօր Մանկավարժական համալսարանում, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհերում ժամը 12.00-ին դադարեցվեց դասապրոցեսը. մոմավառությամբ և 1 րոպե լռությամբ ուսանողներն

ու պրոֆեսորադասախոսական կազմը հարգեցին Մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Առաջին անգամ կազմակերպվող համահամալսարանական ձեռնարկի նպատակն էր դատապարտել 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունն ու պատմական արդարության հաստատման կոչ հնչեցնել:
Միջոցառումն իրականացվեց բուհի Արհեստակցական կազմակերպության և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:
Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձության մասին են հիշեցնում նաև Համալսարանի նախասրահում ներկայացված «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը» խորագրով ցուցադրությունը: «Ցեղասպանություն» հասկացությունը, «Հայ որբերն ու որբանոցները», «Հայաստան երկիր»-ը, «Հայ էլիտայի ոչնչացումը», «Ազգային -մշակութային Ցեղասպանություն» անվանումներով պաստառները ներկայացնում են պատմական փաստերը ,ազգային, մշակութային եղեռնի հետևանքները:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ապրիլի 24-ին ընդառաջ, տեղի կունենա Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանին նվիրված միջոցառում: Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոն կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի հետ համատեղ: