ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հիշատակեցին Գևորգ Զ Չորեքչյանին
23.04.2013
«Ես գիտեմ, որ դուք ինձ սիրում եք և երբեք ինձ չեք մոռանա: Եթե ուզում եք, որ հոգիս հանգիստ լինի, սիրեք ձեր հայրենիքը, ժողովրդին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը». Գևորգ Զ Չորեքչյանի՝ կյանքի վերջին վայրկյանին հնչեցրած այս պատգամն ու նրա մասին հուշերն այսօր Մանկավարժական համալսարանում պատմեց Կաթողիկոսի սարկավագ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, ով հրավիրված էր Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանին նվիրված հուշ-երեկոյին:
Երեկոյի ընթացքում հայ գրականության և նրա դասավանման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց Կաթողիկոսի կենսագրական տվյալներն ու կյանքի կարևորագույն դրվագները:
Անդրադառնալով Գևորգ Զ. Չորեքչյանի գահակալության դժվարին տարիներին՝ գրականագետն ընդգծեց. «Կաթողիկոսի գործունեությունը մինչ օրս հուզում է մեզ, քանի որ ցայսօր էլ վայելում ենք դրա պտուղները: Նա պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար կատարել է առաջնորդի դեր՝ պատմության մեջ մնալով որպես ազգի մեծ նվիրյալ ու երախտավոր»:
Վերջինիս կարծիքով՝ յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է վառ պահել հայ ազգային հոգևոր գործիչների հիշատակը:
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդանը տարեթվերի ճգրտությամբ առավել մանրամասն ներկայացրեց Գևորգ Զ Չորեքչյանի հոգևոր գործունեությունը, նրա օրոք հայ հոգևոր կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններն ու ձեռբերումները:
Հայր Վարդանը ներկաներին փոխանցեց այն հավատամքը, որ ուներ Կաթողիկոսը ողջ կյանքի ընթացքում. տենչալի նավահանգստին հասնելու համար պետք է լինել մաքառող, վեհանձն ու տքնող:
Հոգևորականը, մեջբերելով Էջմիածնի ամսագրի խմբագրականում զետեղված հատվածը, նշեց. «Նրա խոսքում մշտապես ներկա էին իր ժողովրդին՝ հայրենիքում միատեղված և ուժեղ տեսնելու ցանկությունը, ինչպես նաև հավատը, որ այդ ամնն իրականանալու է: Մայր Աթոռը, սկսած Գրիգոր Լուսավորչից, բազմաթիվ գահակալներ է ունեցել, սակայն եզակի են նրանք, ովքեր հայ հոգևոր կյանքում գագաթներ են գրավել . այդ քչերից էր նաև Գևորգ Զ Չորեքչյանը»:
Հայր Վարդանն ուրախությամբ նշեց, որ Մանկավարժականում կազմակերպված այս հուշ-երեկոն կարծես Ամենայն Հայոց Կաթողիկոսի իղձերի, մտածումների հիշատակում և բանավոր պատարագ լինի:
Հուշ-երեկոյի ընթացքում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Շարբաթյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը, որը կատարեց Կոմիտասի, Անտոնիո Վիվալդիի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Նարեկացու, Ալեքսանդր Հարությունյանի հոգևոր ստեղծագործությունները: