ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին գիտական նստաշրջանին
26.04.2013
Ապրիլի 25-ին Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ացկացվող Ուսանողական հանրապետական 4-րդ գիտական նստաշրջանին:
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-2-րդ կուրսի ուսանողները «Մաթեմատիկա» գիտաճյուղում ներկայացրին «Ինտեգրալի վերին սահմանի ֆունկցիան, որպես որոշ պնդումների ապացուցման հիմք», «Դիֆերենցիալ հավասարումների լուծումների կայունության հարցեր», «Սեղանի մակերես թեմայի ուսուցումը մանկավարժական տեխնոլոգիաների կիրառմամաբ», «Հավանակային ինտուիցիայի ձևավորումը աշակերտների մոտ», «Բարձակային բաղադրյալի սալի եզրային և ինտերֆեյս սեփական տատանումներ» թեմաներով զեկուցումները:
Մաթեմատիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Պողոսյանը վստահեցրեց`զեկուցումներն ու քննարկումներն օգնեցին ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձառություն:
Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկանածու, դոցենտ Վարազդատ Վարդազարյանը, կարևորելով նմանատիպ գիտական նստաշրջանների անցկացումը, ուրախությամբ նշեց.«Մագիստրոսների ելույթները չէին կրում ֆորմալ բնույթ և պարունակում էին գիտական նորույթներ: Գերակշռում էին պրոբլեմային թեմաներով զեկուցումներ, որոնք վերաբերում էին դպրոցական կրթությանը.դրանք լայն արձագանք գտան ներկաների շրջանում.ծավալվեց ակտիվ քննարկում»:
Մաթեմատիկոսն ուրախ է` մագիստրոսների գիտական փաստարկներն ու վստահությունը գոհացրին նաև նստաշրջանի համանախագահներին:
Ի դեպ, Ուսանողական հանրապետական 4-րդ գիտական նստաշրջանի մասնաճյուղերի մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, իսկ նախագահների կողմից ընտրված լավագույն աշխատանքները կտպագրվեն «Հանրապետական ուսանողական գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում:
Նշենք, որ Մանկավարժականի մասնակցությունը գիտաժողովին նախաձեռնել էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: