Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայոց ցեղասպանություն. ճանաչում և դատապարտում» խորագրով ուսանողական գիտաժողով:

Ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության՝ պատմական և իրավական փաստերին անդրադարձող գիտաժողովի անցկացումը բուհում:
Ապագա պատմաբաններն ու իրավագետները գիտաժողովի ընթացքում անդրադարձան Հայոց ցեղասպանության երիտթուրքական քաղաքականությանը, այդ տարիներին հայ մանկահասակ երեխաների կոտորածներին՝ որպես ցեղասպանության դրսևորման ձև, ԱՄՆ-ի պաշտոնական վավերագրերին ու Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը ու դրա հետևանքներին:
Պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արման Աբրահամյանն իր զեկույցում նշում է. «Բազմաթիվ փաստաթղթեր ու վկայություններ փաստում են՝ Հայոց ցեղասպանության ծրագիրը կազմվել էր Օսմանյան կառավարության ամենաբարձր մակարդակներում և իրականացվում էր բարձրագույն պաշտոնատար անձանց անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ. փաստաթղթերից շատերի տակ դրված է եղել սուլթանի, վարչապետի կամ նախարարի ստորագրությունը»:
Պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հարությունյանն արխիվային ու վավերագրական բազմաթիվ գիտական ուսումնասիրություններից իր զեկույցում առանձնացրել էր հատկապես 1993 թվականին ԱՄՆ-ի Վատերթոուն քաղաքում լույս տեսած հայազգի պատմաբան Արա Սաֆարյանի կազմած և խմբագրած «ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերը Հայոց ցեղասպանության մասին» եռահատոր ժողովածուն:

Ապագա իրավագետ, 3-րդ կուրսի ուսանողուհի Իրինա Մարգարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ գերտերությունները՝ այդ թվում նաև ԱՄՆ և Ֆրանսիան, ցեղասպանության վերաբերյալ օրինագծերն ու բանաձևերը սովորաբար առաջ են քաշում միայն ընտրությունների նախօրեին: Ուսանողուհու կարծիքով՝ մինչ Ֆրանսիայի նոր խորհրդարանական կամ նախագահական ընրություններ պետք չէ ակնկալել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկում, առավել ևս՝ խորհրդարանի կողմից օրենքի ընդունում:
Նրա կուրսընկեր Հմայակ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ցեղասպանության դրսևորման ձևերից հայ մանկահասակ երեխաների կոտորածներին: Նա անդրադարձավ այն փաստին, որ խիստ վիճարկելի է գրականության մեջ հանդիպող հայ երեխաների կյանքը «փրկելու» թուրքական դրսևորումներն ու դրանց դրդապատճառները՝ իբրև «մարդասիրություն» դիտարկելու փորձերը: «Անչափահասների նկատմամբ կիրառված բռնությունն իրականցվել է նախապես մշակված և նպատակաուղղված գործողության համաձայն. թուրքական և քրդական խաժամուժին հանցագործությունների դրդելու գործողությամբ, սպանությամբ, ընտանիքների քայքայմամբ, երեխաներին ծնողներից առաջ ոչնչացնելու և զանգվածային տեղահանությամբ»,-նշեց Հմայակ Հարությունյանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերը» թեմայով զեկույցում իրավագիտության մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Հայկ Կոսայանը մեջբերեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության 9-րդ հոդվածը. «Պետություններն իրավունք ունեն միակողմանիորեն ցեղասպանության մասին հայց հարուցել ՄԱԿ-ի միջազգային դատարան. վերոհիշյալ կոնվենցիան հաստատվել է Թուքիայի և Հայաստանի կողմից՝ առանց վերապահումների: Դատարանը, ելնելով ներկայացված պահանջից և առաջարկից, ինչպես նաև իրավական և պատմական փաստերի ուսումնասիրման արդյունքից, կորոշի Թուրքիայի պատասխանատվության հարցը»:
Ուսանողն իր զեկույցն ավարտեց այն իրողությամբ, որ դատարան դիմելը բարդ գործընթաց է և անհրաժեշտ է պատմական փաստերի, միջազգային իրավունքի ուսումնասիրում. պատշաճ չպատրաստվելու դեպքում դատարան դիմելը ծանր հետևանքներ կունենա:
«Հայոց ցեղասպանություն. ճանաչում և դատապարտում» խորագրով ուսանողական գիտաժողովին,որը կազմակրպել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը, ներկա էին նաև դեկանի՝ գիտության և հետբուհական գծով տեղակալ Ֆրունզե Մայիլյանը, պրոֆեսորադասախոսկան կազմն ու ուսանողներ: