ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հին ու նոր Երևանը ծրարներում
29.04.2013
Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի հումանիտար ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի՝ «Հին-նոր Երևան» խորագրով ծրարների ցուցահանդեսը:
Ցուցադրությանը ներկայացված էին խորհրդային տարիներին «ԽՍՀՄ փոստ» գործակալության կողմից պատրաստված ծրարներ, որոնցում պատկերված են մայրաքաղաք Երևանը պատկերող նկարներ:
Աշոտ Բաբախանյանը նամականիշներ և ծրարներ սկսել է հավաքել դպրոցական տարիքից: Վերջինս ափսոսում է, որ ներկայիս սերունդը չունի այդ նախասիրությունը, քանի որ նամականիշները երբեմն կարող են լինել տվյալ երկրի այցեքարտը. դրանք ունեն ինչպես մշակութային, այնպես էլ պատմական նշանակություն:
ՀԽՍՀ կառավարության, ՀԿԿ կենտկոմի, Արմենիա, Դվին, Հրազդան, Սևան հյուրանոցների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի շենքերը, Զվարթնոց օդանավակայանը, Թումանյան փողոցը, Հրազդան կամուրջը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնների, Երևանի շախմատի կենտրոնական տան, «Էրեբունի» թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի շենքերն ու Շահումյան հրապարակը ներկայացնող ծրարները զբաղեցնում են հեղինակի հավաքածուի ընդամենը մի մասը:
Ցուցադրված ծրարների երկրորդ շարքում ներկայացված են նաև Երևանի հուշարձանները՝ «Սասունցի Դավիթ», «Մայր Հայաստան», Կոմիտասի, Սայաթ-Նովայի արձանների լուսանկարները: