ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ալկիս Ռաֆտիս.«Ներկայացրեք հայկական պարը աշխարհին»
29.04.2013
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նշվում է Պարի միջազգային օրը: Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնն այդ առթիվ հյուրընկալել էր կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին:
Վերջինս ուրախությամբ նշեց` արդեն տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում նշվող Պարի միջազգային օրը միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց, ապա հավելեց` կրկնակի ուրախ է մասնակգիտական տոնը նշել պարային հարուստ ավանդույթ ունեցող Հայաստանում.«Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ պարատեսակը, որով հայտնի է ամբողջ աշխարհում. Իսպանիայում` ֆլամինգոն, Կուբայում` սալսան, Արգենիտնայում`տանգոն: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժողովրդական պարն ու հատկապես քոչարին այս առումով չեն զիջում դրանցից և ոչ մեկին: Ուրախ եմ և հաճելիորեն զարմացած` հայը, ազգագրական, ժողովրդական պարերից բացի, բարձր վարպետությամբ կատարում է նաև այլ ժողովուրդների պարեր»:
Պարագետն ընդգծեց`հայկական պարը չափազանց լավն է ու գրավիչ. այն անպայմանորեն պետք է ճանաչելի դարձնել աշխարհին.«Եկեք մեր երկիր, ներկայացրեք, տարածեք և նորաձև դարձրեք ձեր պարերը: Վստահ եմ` Հայաստանի, մասնավորապես, Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի հետ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա»:
Ի դեպ, Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը Պարարվեստի միության նախագահ, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանին հանձնեց ամբիոնի` խորհրդին անդամակցելու հավաստագիր և տեղեկացրեց` 2014 թվականին նախատեսվող Պարի համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երևանում:
Պարի միջազգային օրը Մանկավարժականում նշանավորվեց նաև ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ երախտավոր Սրբուհի Լիսիցյանի`«Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:
Գրքի խմբագիր Կարեն Գևորգյանը, կարևորելով հայկական հնագույն պարերի և պարեղանակների հավաքագրումն ու գրառումը, նկատեց.«Հազարամյակաների ընթացքում սերնդեսերունդ փոխանցված ժողովրդական պարերի կատարման ձևը, բնույթն ու կառուցվածքը`որպես յուրատեսակ արտահայտչալեզու, տասնամյակներ շարունակ կարիք ունեին ոչ միայն վերծանման, այլև համակարգման և գիտական լուրջ ուսումնասիրության: Այսօր, երբ ավելի քան երեք տարի տևած հսկայածավալ աշխատանքի արդյունքում Սրբուհի Լիսիցյանի բացառիկ ժառանգության առաջին հատորի հայերեն թարգմանությունը դրված է մեր սեղանին, վստահաբար կարող եմ ասել, որ այն գործնական նոր խթան կհանդիսանա ազգագրագետների, պարագետների, արվեստաբանների և, իհարկե, պարուսույց- մանկավարժների, բեմադրիչների համար. հայկական պարարվեստի զարգացումը վստահաբար կթևակոխի զարգացման նոր շրջափուլ»:
Կարեն Գևորգյանն ուրախությամբ նշեց`Պարարվեստի միջազգային օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին այս տարի միացել են նաև երևանյան 120 դպրոց. օրվա միևնույն ժամին բուհի պարային բաժնի ուսանողների անմիջական մասնակցությամբ ուսուցանվելու է հայկական ավանդական քոչարին:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Նա, շնորհավորելով պարարվեստի երախտավորներին և կարևորելով միջոցառման անցկացումը Մանկավարժականում, ընգծեց.« Պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի գրքի շնորհանդեսն ու մի շարք կարևոր իրադարձությունները ևս մեկ անգամ մեզ հավաքեցին արդեն ձևավորված ավանդույթներ ունեցող Կուլտուրայի ֆակուլտետի հարկի ներքո: Պարը ազգի կերպարը, կենսակերպն ու զգացմունքերներն արտահայտող արվեստ է. վստահ եմ` ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս կատարվող ծավալուն աշխատանքները կնպաստեն ՀՀ-ում ազգային պարարավեստի զարգացմանը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին հանձնեց օրը խորհրդանշող հուշանվեր:
Նշենք, որ Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողներն ու «Բերդ» պարային համույթը ներկայացրին երկու նոր` Հայ արիներ և Խաղողօրհնություն պարային բեմադրությունները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ՝ 1982-ից սկսած ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: