Մանկավարժական համալսարանն այսօր կրկին հյուրընակել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին:
Պարի միջազգային օրվա շրջանակում Հայաստան ժամանած հյուրը շրջեց համալսարանում, այցելեց բուհի թանգարան, ծանոթանացավ պատմությանն ու ժամանակագրությանը, ապա գրառում թողեց թանգարանի հուշամատյանում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահին պարգևատրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով:
Շնորհակալություն հայտնելով հյուրին`բուհի ռեկտորը վստահեցրեց` 90-ամյա պատմություն ունեցող համալսարաններից մեկն ու արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի անդամ Պարարվեստի մանկավարժության ամբիոնի աշխատակազմ ամեն ինչ կանեն` 2014 թվականին Երևանում անցկացվող Պարի համաշխարհային կոնգրեսը լավագույնս կազմակերպելու համար:
20 ամենատարբեր համալսարաններում տարիներ շարունակ դասախոսությամբ հանդես եկած Ալկիս Ռաֆտիսը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Պարարվեստի մանկավարժություն բաժնի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանդես եկավ բացառիկ դասախոսությամբ:
.jpg)
Ներկայացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի գործունեությունը, անդրադառնալով համաշխարհային պարի միտումներին և դրա ամենատարբեր դրսևորումներին`պարագետն ընդգծեց.«Ժամանակակից պարարվեստը լայն հասկացություն է.այն ներառում է արվեստի և նույնիսկ գիտության մի շարք ոլորտներ: Միջազգային պարային խորհուրդը երբեմն անվանում են պարի «միավորված ազգերի կազմակերպություն», որին անդամակցում են աշխարհի տարբեր երկրներից շուրջ 200 պարագետներ, 300 գիտնականեր: Ընդգրկելով գիտահետազոտական ներուժ` մենք ժամանակի ընթացքում ստեղծեցինք պարի մի շարք ճյուղեր` պարարվեստի կառավարում, հոգեբանություն, պարաթերապիա.վերջինիս դրական ազդեցությունը նաև գիտականորեն է հիմնավորված»:
Պարի գիտակ Ալկիս Ռաֆտիսը վստահ է` 21-րդ դարում պարարվեստում հաջողությունների հասնելու և մասնագիտական աճ ունենալու համար տարբեր պարատեսակներին տիրապետելը դեռևս բավարար չէ.առնվազն երկու օտար լեզվի իմացությունն ու բարձր ինտելեկտը ևս խիստ անհրաժեշտ են:
Պարագետը հորդորեց գրանցվել մասնագիտական կայքերում, չօգտվել համացանցային աղբից և զերծ մնալ այն հայտնի կատակից, թե կարդալը պարողների մոտ գլխացավ է առաջացնում.«Պարարվեստն ունի առանձանահատկություն. այն նման է նորաձևության, անընդհատ փոխվում է և պահանջում շարժունակություն: Անհրաժեշտ է ընթերցել տարատեսակ գրականություն, նեղ մասնագիտացումից զատ ձեռք բերել նաև նոր որակներ և դառնալ մրցունակ»:
Հանդիպման ավարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահը պատասխանեց ներկաների հարցերին, ապա հույս հայտնեց հանդիպել 2014-ի պարի համաշխարհային մայրաքաղաք Երևանում: