ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շախմատի գիտագործնական սեմինար
02.05.2013
«Առանց շախմատի անհնար է պատկերացնել մտավոր ընդունակությունների և հիշողության դաստիարակումը». մեջբերելով մանկավարժ Վասիլի Սուխոմլինսկու հայտնի տողերը` Շախմատի ակադեմիայի հոգեբան Սոնա Պողոսյանը հավելում է` շախմատը պետք է մտնի կրտսեր դպրոց`որպես մտավոր մշակույթի տարր:
Մանկավարժական համալսարանի Շախմատի լսարանում օրերս անցկացված «Շախմատը կրթության ոլորտում» թեմայով գիտագործնական սեմինարի ընթացքում հոգեբանն անդրադարձավ կրտսեր դպրոցում շախմատի դասավանդմանն ու ներկայացրեց 3 դպրոցներում կատարված ստեղծագործական մտածողության և ինտելեկտի հետազոտության արդյունքները.«Շախմատը ոչ միայն երեխաներին հաճույք, ուրախություն պատճառող խաղ է, այլև արդյունավետ միջոց նրա մտավոր զարգացման, գործողության ներքին պլանի`մտքում գործելու ընդունակության ձևավորման համար: Կատարված հետազոտությունների արդյունքներն ապացուցում են`դպրոցում շախմատ առարկայի ներմուծումը ուսուցման վաղ փուլում նպաստում է ուսումնական ողջ գործընթացի արդյունավետությանն ու ունենում հսկայական նշանակություն անձի և նրա ընդունակությունների զարգացման վրա»:
Սոնա Պողոսյանը, ներկայացնելով հետազոտությունները, հավելեց`շախմատը զարգացնում է պատկերավոր մտածողությունը, նպաստում տրամաբանական մտածողության առաջացմանը, դաստիարակում տոկունություն, նպատակաուղղվածություն. երեխան դառնում է կազմակերպված, սովորում ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել, պայքարել մինչև վերջ, անհաջողությունների դեպքում չընկճվել.«Համեմատելով շախմատում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների տվյալներն այլ աշակերտների հետ` պարզեցինք`բոլոր ցուցանիշներով առաջիններն ունեն զգալի առավելություն: Երրորդ դասարանցիների մոտ նմանության ցուցանիշների միջին արժեքն ավելի բարձր է, ինչը ցույց է տալիս տրամաբանական մտածողության, ընդհանրացման և վերացարկման ընդունակության զարգացումը, որը պայմանավորված է շախմատի ազդեցությամբ»:
Սեմինարի ընթացքում Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդ Ղազարյանը «Շախմատ խաղի դերը կրտսեր դպրոցականի կյանքում» թեմայով զեկուցման ընթացքում ընդգծե, որ 6-ից մինչև 10-11 տարեկան երեխաների մոտ աշխատանքային ուսուցման և խաղի շնորհիվ անհրաժեշտ է ձևավորել հաջողության հասնելու շարժառիթներ. «Խաղի ընթացքում ընդլայնվում և հարստանում է երեխայի պատկերացումը շրջապատող աշխարհի մասին.այն երեխայի համար շփման դպրոց է»:
Մեջբերելով հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի տողերը` ապագա մանկավարժը հիշեցրեց.«Եթե այլ առարկաներ պետք է վերածել խաղի որպեսզի կրտսեր դպրոցականի համար հետաքրքիր և մատչելի դառնա, ապա շախմատն արդեն իսկ խաղ է»:
Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց` նման գիտագործնական սեմինարները նպաստում են համալսարանում շախմատի մասսայականացմանը, ինչպես նաև համապարփակ տեղեկատվություն տալիս ապագա դասվարներին, ովքեր հետագայում համալրելու են շախմատ դասավանդողների բանակը:
Ի դեպ, վերոնշյալ ամբիոնի և Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկի ընթացքում բուհի կարգային շախմատիստները միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին ցանկացողների հետ: