ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան ԱԻՆ գործունեությանը
02.05.2013
Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնիդասախոս Պերճ Կարապետյանի նախաձեռնությամբ«Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմնահարցեր»
առարկայի շրջանակում այսօր այցելել էին ԱԻ նախարարություն:
Այցի ընթացքում ուսանողները եղան նախարարության մի շարք ստորաբաժանումներում և ծանոթացան դրանց կառուցվածքին ու հիմնական գործառույթներին։
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները պատկերային ներկայացումների միջոցով ուսանողներին ծանոթացրին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին` մանրամասն ներկայացնելով, թե ինչ է անհրաժեշտ անել երկրաշարժից առաջ, դրա ժամանակ և հետո:
Խոսելով պահպանվող անվտանգության մասին` մասնագետներն ապագա մանկավարժներին հորդորեցին երկրաշարժի հետևանքները նվազագույնի հասցնելու համար լինել առավել տեղեկացված:
Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության մասնագետն ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ երկրաշարժի դեպքում պատվարների անվտանգությանն ու ներկայացրեց ջրամբարների սեյսմիկ ազդեցության վերաբերյալ միջազգային փորձը:
Ուսանողների հաջորդ հանդիպումը Հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմի հետ էր. Պահակախմբի պետ Արթուր Սիմոնյանն անդրադաձավ ջոկատի` տագնապի և հրդեհաշիջման ժամանակ տարվող աշխատանքներին, ինչպես նաև հրշեջ և փրկարարական մեքենաների դասակարգմանն ու արտակարգ իրավիճակներում դրանց արձագանքման գործընթացին:
Հատկապես հետաքրքրական էր գործնականում մասնագետների կողմից արդեն հնացած թթվածնային մեկուսիչ հակագազերին փոխարինած «Պրոֆի» տիպի շնչառական ապարատների կիրառումը:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ուսանողները ծանոթացան կենտրոնի աշխատանքներին և տեխնիկական հնարավորություններին:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն ու ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Պետրոսյանը ներկայացրին, թե ինչպես են նախարարության կազմում գործող ստորաբաժանումներն իրական ժամանակում մոնիտորների միջոցով վերահսկում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները:
Հանդիպման ավարտին ՍՊԾ գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ Կարինե Բարսեղյանն armspu.am-ի հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Մանկավարժական համալսարանի ուսանողների իմացության և տեղեկացված լինելու առթիվ: