ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Չորեքշաբթի»-ն ամփոփեց շաբաթվա աշխատանքները
03.05.2013
«Առաջիկայում Մանկավարժական համալսարանի «Չորեքշաբթի» գրական ստուդիան մասնաճյուղ կունենա նաև Արցախի պետական համալսարանում. արցախցի ստեղծագործող ուսանողների նախաձեռնությունն ու տեսակապը կօգնեն իրագործել նրանց ցանկությունն ու ստուդիան օգտագործել որպես գրական հարթակ»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս հավելեց, եթե գրական ստուդիայի անդամներից գոնե մեկն ապագայում դառնա գրական հայտնի դեմք, ապա մեր առաքելությունը կարող ենք համարել կատարված:
Օրերս ՀՊՄՀ գիտական գրադարանում տեղի ունեցած «Չորեքշաբթի» գրական ստուդիայի հերթական նիստում գրադարանի տնօրենն ամփոփ ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ապա ուրախությամբ նշեց` «Չորեքշաբթի»-ն ընդլայնում է սահմանները. հայտեր կան հանրապետության այլ բուհերից, իսկ Արցախի պետական համալսարանի համագործակցության առաջարկն իսկական անակնկալ էր :
Բուհի երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներն ու նախկին շրջանավարտներ նիստի ընթացքում ստուդիայի անդամները ներկայացրին իրենց ստեղծագործությունների օրինակները, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի` «Չորեքշաբթի» /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի հիմքը:
Նիստի ընթացքում բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, խոսելով գրական ստուդիայի աշխատանքների մասին, ստեղծագործական աշխատանքում կարևորեց պատկերային առանձնահատկությունը:
Ստուդիայի անդամներն այնուհետ ներկայացրին մեկական նոր ստեղծագործություն, որի շուրջ ծավալվեց գրական բուռն քննարկում: