ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց Օուլուի համալսարան
03.05.2013
Օրերս Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն ու Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Մարիաննա Հարությունյանը աշխատանքային այցով եղան Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում:
Աշխատանքային խումբը մասնակցեց բազմաթիվ քննարկումների, գործնական այցեր կատարեց համալսարանի տարբեր ստորաբաժանումներ, եղավ Ուսուցիչների վերապատրաստման, Ապագայի և Հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցներում:
Մանկավարժականի պատվիրակությունը ծանոթացավ Օուլուի համալսարանի կառավարմանը, գործունեությանը, ներքին քաղաքականությանն ու ռազմավարական գործընթացներին:
Օուլուի համալսարանի ներկայացուցիչները պատկերային ներկայացումներով հայ գործընկերներին ծանոթացրին նաև բուհի` մագիստրոսական որակավորման գործընթացներին, ուսումնական պլաններին, ավարտական աշխատանքներին և թեզի ղեկավարման առանձնահատկություններին: Անդրադարձ կատարվեց նաև Կարիերայի և ուսանողների աջակցության կենտրոնի, ինչպես նաև ֆակուլտետներում կատարվող հետազոտական աշխատանքներին:
Այցի ընթացքում հոգեբանության դոցենտ Սամվել Խուդոյանն անհատական այց ունեցավ Օուլուի համալսարանի հոգեբանության բաժին, ապա հոգեթերապիայի առանձնահատկություններն ու մոտեցումները քննարկեց համալսարանի հոգեթերապևտների հետ:
Հատուկ մանկավարժ Մարիաննա Հարությունյանը եղավ Օուլուի կիրառական գիտությունների համալսարանի բժշկության բաժնում, ապա Լապլանդիայի համալսարանի էրգոթերապիայի մասնագետների հետ քննարկեց ոլորտի առանձնահատկությունների կիրառումը գործնականում:
Հանդիպման ընթացքում համագործակցող կողմերը քննարկեցին ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի կողմից կազմված ուսումնական պլանները, առարկայական նկարագրերն ու դրանցում անհրաժեշտ փոփոխությունները.պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա այցի և համատեղ եռօրյա կոնֆերանսի անցկացման մասին: