ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արժևորվեց Լևոն Օրբելու գիտամանկավարժական գործունեությունը
03.05.2013
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր գիտական նիստ՝ նվիրված Լևոն Օրբելու

ծննդյան 130-ամյակին:
Կարևորելով մեծ գիտնականին նվիրված նիստի անցկացումը՝ ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանն ընդգծեց՝ Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում:
Նիստի աշխատանքները համակարգում էր Լևոն Օրբելու անվան կրթաթոշակառու, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանը:
Ուսանողուհիներ Մարիամ Գրիգորյանը, Հեղինե Հարությունյանն ու Շուշան Մարգարյանն իրենց զեկույցներում անդրադարձան նախ Օրբելիների ընտանիքին` ներկայացնելով Ռուբեն և Հովսեփ Օրբելիների գիտական գործունեությունը հատկապես խորհրդային ստորջրյա հնէաբանության և պատմության ու արևելագիտության բնագավառներում:
Ներկայացնելով Լևոն Օրբելիի կյանքն ու գիտամանակավարժական գործունեությունը՝ ուսանողները նշեցին՝ որքան ժամանակը հեռացնում է նրանց մեծ հայրենասեր, գիտնական և գիտության կազմակերպիչ Լևոն Օրբելուց, այնքան ավելի պարզորոշ ու ճիշտ գնահատելի է դառնում նրա մտքի խորությունը և տաղանդի մեծությունը, այնքան ավելի հարազատ ու հոգեմուտ է դառնում իրենց համար:

Լևոն Օրբելուն նվիրված գիտական նիստն ամփոփվեց ռեժիսորներ Աշոտ Ջազոյանի և Վիկտորյա Գրուդինսկու կողմից 2012 թվականին նկարահանված՝ Օրբելի եղբայրների մասին պատմող « Օրբելիների ծածկագիրը» վավերագրական ֆիլմի դիտումով:
Նիստին ներկա էին Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից, կենսաբանական գիտությունների դոկտորներ Խաչիկ Նահապետյանը, Ռաֆիկ Հարությունյանը, դասախոսներ և ուսանողներ:
Ի դեպ, գրական նիստին ներկա էին նաև № 131 հիմնական դպրոցի կենսաբանության հոսքի աշակերտները՝ ուսուցչուհի Աստղիկ Շիքարյանի ղեկավարությամբ. հենց այդ դպրոցում է գործում Լևոն Օրբելու անունը կրող կաբինետ:
Նիստի ավարտից հետո հյուրերը շրջեցին համալսարանում, եղան բուհի թանգարանում՝ ծանոթանալով նրա պատմությանն ու գործունեությանը: