ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել Նժդեհի բացառիկ հոդվածաշարը
07.05.2013
«Չնայած, որ հարևաններէդ մահուան ես դատապարտուած, հայ ժողովուրդ, բայց և այնպէս մահուան դատավճռից խուսափելու բազում ճամբաներ ունիս: Ահա այդ մահէն խուսափելու միջոցներնէն մեկը հայութեան ցոյց տալու համար է, որ ձեռնարկում եմ այս նոր աշխատութեանը`«Յիշի´ր պատերազմը»».այսպես է նկարագրում հայ մեծանուն գործիչ Գարեգին Նժդեհն իր հերթական հոդվածաշարը:
Օրերս Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանի խմբագրմամբ առաջին անգամ լույս տեսավ վերոնշյալ հոդվածաշարն ամբողջացնող գրքույկը:
Նժդեհի մտավոր ժառանգության հայտնաբերումն ու ամբողջացումը շարունակվում է. Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի 1930 թվականի մայիս, հունիս ամիսների համարներում հայտնաբերված «Յիշի´ր պատերազմը» հոդվածաշարի հրատարակումը դրա վառ ապացույցն է:
«Ինչպես Նժդեհի մյուս աշխատությունները, այս մեկը ևս առանձնանում է իր արդիականությամբ: Հեղինակն իր` գրելու և դաստիարակելու ուրույն ոճով անդրադարձել է հայ ժողովրդին սպառնացող ներքին և արտաքին վտանգներին ու խնդիրներին, տվել դրանց լուծման ուղիներն ու միջոցները»,-նշեց Խաչատուր Ստեփանյանը:
Վերջինս հավելեց` թեպետ Գարեգին Նժդեհի մտավոր հարուստ ժառանգության մասին բազմիցս է խոսվել, սակայն «Յիշի´ր պատերազմը» հոդվածաշարը դուրս է մնացել ցայսօր հրատարակված Նժդեհի երկերի ժողովածուներից. հոդվածաշարի միայն որոշ հատվածներ են տեղ գտել 1930 թվականից հետո Նժդեհի հրատարակած այլ աշխատություններում, մասնավորապես` «Ցեղի ոգու շարժը» գրքույկում:
«Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց ոգին».Խաչատուր Ստեփանյանը վստահ է` աշխատությունում տեղ գտած Նժդեհի այս պատգամը, խելամիտ և արմատական լուծումները կնպաստեն երիտասարդության, այդ թվում նաև ապագա զինվորների և բանակի սպաների հայրենասիրական ոգու բարձրացմանը:
Ի դեպ, գրքի այս հրատարակությունն արդենիսկ սպառված է. երկրորդ հրատարակությունը նախատեսվում է մայիսի 19-ից հետո: