ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել…
07.05.2013
Հաղթանակների ամիսը ՀՊՄՀ գրադարանը նշանավորեց բացառիկ ցուցադրությամբ՝ հումանիտար գրականության ցուցարահում ներկայացնելով մայիսյան հաղթանակները ներկայացնող նկարների և գրքերի մի ողջ հավաքածու:
«Մայիսյան հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված են Ավարայրի, Սարդարապատի, Ապարանի, Շուշիի հերոսամարտերին, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային զորքերի հաղաթանակի, Դրոյի, Սեդրակ Ջալալյանի, Սեբաստացի Մուրադի և Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը՝ ավելի քան 80 միավոր:
Գրքերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախյան ազատամարտին նվիրված գրականությունը՝ «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994» հանրագիտարանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» և բազմաթիվ այլ հեղինակների՝ Արցախյան գոյապայքարին վերաբերող գրքեր:
Գրադարանի ցուցասրահում առանձնակի տեղ է զբաղեցնում լուսանկարների ցուցադրությունը: Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական բարձրագույն կոչումների, զոհված հերոսների և հաղթանակի գեներալների լուսանկարների կողքին իրենց մեծաթիվությամբ աչքի են ընկնում տարբեր հերոսամարտերին մասնակցած Մանկավարժական համալսարանի շուրջ 160 շրջանավարտների լուսանկարները:
Ուսանողներին հատկապես հետաքրքրում են ագային հերոս Մովսես Գորգիսյանի, Արցախյան ազարամարտի հերոս Մեխակ Մեխակյանի, Կարեն Հարությունյանի՝ Մանկավարժական համալսարան ընդունվելու քննաթերթիկները:
«Հերոսամարտերի լուսանկարները դիտելիս ուսանողները լցվում են յուրօրինակ հպարտությամբ ու հայրենասիրությամբ. իրենք էլ աբովյանական ազգային հերոսների կրթօջախում են սովորում»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ ավելացնելով, որ բուհում ամեն ինչ արվում է ուսանողների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու և հաղթանակած պատմությանը նրանց ներկայացնելու համար:
Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց նաև, որ «Մայիսյան հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությունը կտևի մինչև մայիսի վերջ: