ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարը սոսկ մարմնի գեղեցկություն չէ
07.05.2013

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժություն բաժնի շրջանավարտների պետական ավարտական քննությունն իր ձևաչափով տարբերվում է. ամեն տարի տեսական գիտելիքների ստուգմանը նախորդում է ավանդական հաշվետու համերգը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին որպես պրոֆեսիոնալ պարուսույց-մանկավարժներ և բալետմայստերներ մուտք գործել պարարվեստի մեծ աշխարհ:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այս տարվա շրջանավարտները հանդես եկան սեփական պարային բազմաժանր բեմադրություններով. դասական, ազգագրական, ժամանակակից, մոդեռն և այլ պարատեսակների ներկայացմամբ` շրջանավարտները փայլեցին բեմական վարպետությամբ և կատարման բարձր տեխնիկայով:
2012-2013 ուսումնական տարվա քննական հանձնաժողովը նախագահող ՀՀ վաստակավոր արտիստ, Կամերային նվագախմբի տնօրեն Մինաս Խաչատրյանը բարձր գնահատեց ուսանողների կատարողական արվեստն ու առանձնացրեց «Մարտականչ», «Կարմեն», «Գոյամարտ» պարային բեմադրությունները: Վերոնշյալ պարերից վերջինը զարմացրել ու հուզել է նաև հանձնաժողովի անդամ, «Տարոն» գեղագիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Թադևոսյանին:
Պարագետն ուրախ է`ամեն տարի պարարվեստի բաժնի ուսանողները, չկրկնելով նախորդներին, ներկայացնում են նոր որակ, գրանցում մասնագիտական աճ և մանկավարժին հատուկ որակներ:
Ամենքին հասկանալի պարի լեզվով 3-4 րոպեի ընթացքում ուսանողներից յուրաքանչյուրն արտահայտել էր ազատության իր սահմանն ու ասելիքը: Տիգրան Մնոյանը «Սև ապրիլ» բեմադրության համահեղինակ է. 1915 թվականի ողբերգական էջերն ու դրանից հետո ծավալվող իրադարձությունները ներկայացնող պարային համարը անտարբեր չթողեց նաև հանդիսականին:
Կուրսընկերուհի, «Վալս» բեմադրության հեղինակ Մերի Քանքանյանը փաստում է` բոլոր համարներն էլ ստացված են, սակայն այս բեմադրությունն առանձնանում է իր ասելիքով:
Պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Գևորգյանն ուրախ է` ուսանողների մեկ տարվա քրտնաջան և հետևողական աշխատանքն ապարդյուն չի եղել, իսկ շրջանավարտ տղաների պարային բացառիկ տվյալներն ու կատարողական յուրօրինակ ունակությունները կրկնակի ոգևորող են.«Անգամ պրոֆեսիոնալ պարախմբերը մեկ տարվա ընթացքում իրենց խաղացանկում չեն ունենում 22 նոր բեմադրություն. դրա համար անհրաժեշտ է լինում առնվազն 2-3 տարի: Այս խաղացանկը, բեմականացումներն ու կատարողական մակարդակը չեն ստեղծվել մեկ ժամում, մեկ շաբաթում. դրանք երկար ու տքնաջան աշխատանքի արդյունք են`լի սիրով և նվիրվածությամբ»:
Ամբիոնի վարիչն ընդգծեց` պարարվեստի կախարդական աշխարհ մուտք գործելու, այնտեղ նավարկելու համար անհրաժեշտ կողմնացույցը մանկավարաժներն արդենիսկ փոխանցել են պարի ապագա մասնագետներին:
Ի դեպ, Պարարվեստի մանկավարժություն բաժնի շրջանավարտների գիտելիքների ամփոփումը կկայնա վաղը. ամփոփիչ ատեստավորման քննությունների շրջանակում ուսանողները կներկայացնեն պարարվեստի պատմության, սկզբանավորման, զարգացման, հայ պարի տեսության վերաբերյալ իրենց տեսական գիտելիքները: