ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացրին բնապահպանական խնդիրները
08.05.2013
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդը մշտապես հանդես է գալիս կրթական, գիտական, մշակութային տարաբնույթ ձեռնարկների կազմակերպմամբ: Այս անգամ ՈւԽ-ի Բնապահպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին բնապահպանական խնդիրները, կենդական ու բուսական աշխարհը:
Միջոցառման ընթացքում պատկերային ներկայացումներով ուսանողները ծանոթացան մարդու գործունեության պատճառով ոչնչացման եզրին կանգնած մի շարք կենդանատեսակների`կետի, դելֆինի, հովազի յուրահատկություններին, դրանց դերին ու նշանակությանը մայր բնության մեջ:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող, Բնապահպանության հանձնաժողովի նախագահ Վահե Ամիրաղյանը վստահ է`նման միջոցառումները ներկաներին կստիպեն վերանայել բնության և դրա պահպանության նկատմամբ մոտեցումները, ճանաչել հայրենի բնությունն ու այն միջավայրը, որում ապրում են. «Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր իր գործունեությամբ վնասում է այն միջավայրը, որտեղ ապրում է և դա անում է հաճախ անգիտակցաբար: Վերջին տարիներին աշխարհում ավելացել են բնապահպանական խնդիրները.բնապահպաններն արձանագրում են ու տեղեկացնում մարդու գործունեության արդյունքում բնությանը սպառնացող վտանգների մասին»:
Ապագա աշխրահագետը հորդորում է իր հասակակիցներին`տեղեկանալ և հնարավորինս պաշտպանել շրջապատող միջավայրն ու բնությունը:
Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Վարդանյանն էլ ցավով է նկատում` կենդանին որսում է այլ կենդանու՝ սննդի կարիքը բավարարելու համար,իսկ բանական մարդ էակը` հաճույքից ելնելով:
Բնապահպանության վերաբերյալ ուսանողների գիտելիքներն ամբողջացրեց բրիտանական Բի-Բի-Սի-ի նկարահանած «Կյանքի մարտահրավեր» ֆիլմը: