ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի
09.05.2013

Մանկավարժական համալսարանի նախկին դասախոս, մաթեմատիկոս Դավիթ Սարիբեկյանը ռազմաճակատ մեկնել է 1943 թվականին, երկու տարի անց վիրավորվել, սակայն հաղթանակած վերադարձել է հայրենիք:

«8 տարի շարունակ Մանկավարժական համալսարանում եղել եմ պատերազմի վետերանների խորհրդի նախագահը»,-սիրով և հպարտությամբ հիշում է Դավիթ Սարիբեկյանը և շարունակում պատմել այդ տարիների ունեցած հիշողությունները:
Պատերազմի մասնակից Վեմիր Սիմոնյանն արդեն աղոտ է հիշում ռազմաճակատում անցակացրած տարիները: Հիշողությունները կենդանանում են հատկապես այս օրերին, երբ«Հաղթանակ»զբոսայգում հանդիպում է վետերան-ընկերներին` կարծես մեկ անգամ էլ վերապրելով հաղթանակի բերկրանքը:
Եռատոնի առթիվ այս տարի նույնպես «Հաղթանակ» զբոսայգի այցելողների թվում էին Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու Հայրենական պատերազմի վետերանները :
Վերջիններս ծաղկեպսակ դրեցին Մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի:
Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` աբովյանականները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը հպարտ է` տեսնելով զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրքը մատուցելու շտապող մարդկանց` հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը.«Որպեսզի հաղթանակները հարատևեն, պետք է եկող սերունդները դաստիարակվեն այդ հաղթանակների ոգով` դառնալով դրա կրողն ու պահպանողը: Բարձր գիտելիքներով, համապետական գիտակցությամբ զինելու և ակտիվ քաղաքացիներ դաստիարակելու գործում Մանկավարժական համալսարանն ունի իր կարևորագույն ներդրումն ու առաքելությունը»:
Ինչպես գիտենք, մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը: